Վիեննայի Շիրազի դպրոցի աշակերտների նվերը Երեւանի Շիրազի անվան դպրոցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0158.jpg)
Վիեննայում Հովհաննես Շիրազի անվան հայկական շաբաթօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ եւ իրենց հավաքագրած գումարով համակարգիչ են նվիրել Երեւանի համանուն դպրոցին: Անցյալ տարի այսօրինակ ակցիայի շնորհիվ Վիեննայի Շիրազի անվան դպրոցը եւս մեկ համակարգիչ էր նվիրել Երեւանի այս կրթօջախին: Այս մասին տեղեկացնում է himnadram.org-ը:
Դպրոցի սաները շնորհակալական նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել ավստրիահայ պատանիներին:
“Մեր աշակերտներն ու Վիեննայում բնակվող իրենց հասակակիցները պարբերաբար նամակագրական կապի մեջ են միմյանց հետ եւ արդեն ընկերացել են: Մենք էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի այս գեղեցիկ բարեկամությունը հաստատուն լինի”, հեռախոսազրույցում ներկայացրեց Երեւանի Շիրազի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը:
“Անցյալ տարի եղա այս դպրոցում: Հիացած եմ այստեղ տիրող կարգ ու կանոնով, դպրոցի ու աշակերտների հանդեպ ուսուցիչների եւ տնօրինության հոգատար վերաբերմունքով: Ուրախ եմ, որ երկու համանուն կրթօջախների միջեւ սերտ կապ է ստեղծվել”, ասաց Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանցը: