Գործարար կապերի խթանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել վիետնամցի գործարարների այց Հայաստան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/Untitled-18.jpg)
Նոյեմբերի 6-ին Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Վու Հույ Հոանգն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված ջերմ և գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը՝ կողմերն շեշտեցին տնտեսական կապերի խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, տնտեսության ավանդական ճյուղերը, ինչպես նաև քննարկեց ներդրումային հնարավորություններն ու ներդրողների համար ստեղծված պայմանները: Դեսպանը Հույ Հոանգին փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Կողմերը քննարկեցին տնտեսական ոլորտում համագործակցության օրակարգում առկա հարցերը՝ համագործակցությունը երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև, գործարար խորհրդի ստեղծումն ու երկու երկրների գործարարների մասնակցությամբ համաժողովի անցկացումը: Համագործակցության խթանման համար զրուցակիցներն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի և իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Հույ Հոանգն իր հերթին հայտնեց վիետնամական կողմի պատրաստակամությունը` քայլեր ձեռնարկելու երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումների խթանման, գործարար կապերի հաստատման ուղղությամբ՝ նշելով, որ վիետնամական սպառողներին քաջածանոթ են հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակներ: Գործարար կապերի խթանման նպատակով նախարարն առաջարկեց իրականացնել վիետնամցի գործարարների այց Հայաստան:
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել քննարկված հարցերի շուտափույթ և արդյունավետ իրականացման հարցում: