ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Վիրջինիայի`ամերիկահայերին աջակցող թեկնածուին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ջերմորեն ողջունում է Միացյալ Նահանգների Սենատի` Վիրջինիա նահանգի թեկնածու Էդ
Գիլեսփիի դիրքորոշումը ամերկահայերին հուզող խնդիրների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հանրապետական թեկնածուն առանձին նամակով հաստատել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը անվիճելի փաստ է, որ ինքը սատարում է կոնգրեսական Էդ Ռոյսի` Թուրքիայի հայկական եկեղեցիներն իրենց օրինական տերերին վերադարձնելու արշավին, հանձն է առնում առևտրային համաձայնագրերի և նոր հարկային պայմանագրի միջոցով խթանել ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը և վերջապես խոստացել է Սենատում իր պաշտոնավարման առաջին շրջանում կոնգրեսական պատվիրակության հետ այցելել Հայաստան: Հայ դատի Վիրջինիայի մասնաճյուղի ակտիվիստներից Մելանի Քերնեքլյանը կարևորել է նման ուժեղ դաշնակցի աջակցությունը Հայ դատն առաջ տանելու համար:
«Մենք խորապես գնահատում ենք Էդ Գիլեսփի դիրքորոշումը ամերիկահայ համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ և անհամբերությամբ սպասում ենք նրա տեսակետները պետության շահագրգիռ ընտրողների շրջանում տարածելու հնարավորությանը, ովքեր մտածում են Հայաստանի մասին»,- ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի ընտրություններում Գիլեսփի մրցակիցն է գործող սենատոր Մարկ Ուորները, ով նահանգապետ եղած տարիներին նույնպես աջակցել է հայկական խնդիրներին, սակայն Կապիտոլիումի բլրում վեցամյա պաշտոնավարման ընթացքում որևէ ակտիվ քայլ չի կատարել ամերիկահայերին հետաքրքրող հանրային քաղաքականության հարցերով: