Ջանֆրանկո Ռավազի. Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/01362.jpg)
Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավասին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նա այցելել է ԵՊՀ, որտեղ հանդիպել է գիտխորհրդի անդամներին և ուսանողությանը, ինչպես նաև տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» աշխատության հայերեն և ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:
«Վատիկանում Հայաստանի դեսպանության հետ միասին իմ ղեկավարած նախարարությունը՝ մշակույթի քահանայապետական խորհուրդը, կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ կաթոլիկ աշխարհում հայ մշակույթն էլ ավելի ճանաչելի դարձնելու համար»,- ասել է կարդինալը` հիշեցնելով, որ վերջերս Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արևելքի առակները: Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը, ըստ կարդինալի, խորհրդանշում է ամենաբարձր մակարդակով հարաբերությունների զարգացման մասին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` արդյոք հնարավոր է կարդինալին 2015-ի ապրիլի 24-ին հանդիպել Ծիծեռնակաբերդի բարձունքում նշել էր` չգիտի` ինքը կգա, թե ոչ, բայց «հայ ժողովրդի կողմից ցանկություն կա, որ Հռոմի պապը գա Հայաստան»:
Ջանֆրանկո Ռավազին նշել է, որ կաթոլիկ եկեղեցու կողմից այդ օրը հայ ժողովրդին ուղղված համերաշխության, եղբայրության ուղերձ կլինի:
«Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են: Չգիտեմ՝ որտեղ կլինեմ, բայց անպայման այդ պահը կհիշեմ»,- ասել է կարդինալը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը` հույս հայտնելով, որ այսօր Փարիզում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կդառնա որոշիչ՝ կանխելու ապագայում նման վայրագությունների կրկնությունը, հաղորդում է Panorama.am-ը: