«Քեսապի Սարի Վարժապետը». Նորայր Մանճյան
Տարիներե ի վեր ամեն նոր տարվան շեմին, Սարի վարժապետն ինձ իր պատրաստած գինու մի շիշ էր նվիրում` «Ս.Փ.Վ.» ստորագրությամբ: Հարցրի նրան «Փ»-ի իմաստը, ասաց` փերուշան (խեղճ ու կրակ):
2013 թվականի դեկտեմբերի 1-ին Սարի վարժապետն ինձ նվիրեց դոկտոր Հարություն Հ. Նազարյանի «Եղեռնը վերապրողի հուշեր» գիրքը: «Այս տարի չկարողացա գինի պատրաստել»,-ասաց վարժապետը:
Ես էլ նոր լույս տեսած «Մատյան քաջաց» գիրքս նվիրեցի նրան:
95 տարեկան պապիկը (Ճոզեֆ Սաղտճյան) մեծ ուրախությամբ գրկեց գիրքս ու հետը Քեսապ-Գալատուրան տարավ:
2014 թվականի մարտի 21-ի հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, ողջ Քեսապն ու շրջակա հայկական գյուղերը հրթիռների թիրախ դարձան` աշխարհի չորս ծագերից ժամանած ահաբեկիչների կողմից, որոնք վայելում էին թրքական պետության բարձր հովանավորությունը:
Վարժապետը չհեռացավ գյուղից` Գալատուրանից: Ինչպե՞ս հեռանալ, ինքը գյուղի եկեղեցու ժամկոչն էր եւ քաջ պահակը:
Ահաբեկիչները խուժեցին գյուղ:
Վարժապետի ներկայությամբ չկարողացան ազատ շարժվել: Խոսքով նվազեցրեց նրանց վայրագությունը:
Յոթ օր հետո զինյալները որոշում են Վարժապետին դուրս հանել Գալատուրանից:
Երեք ամիս հետո Սիրիական Պետական Բանակն ու ժողովրդական պաշտպանության բանակը ազատագրեցին Քեսապն ու շրջակա հայաբնակ գյուղերը եւ սահմանից հեռացրեցին գրոհայիններին:
Սարի Վարժապետը` «Քեսապի Ստալինը» եւ բոլոր քեսապցիները վերադարձան իրենց բնակարանները:
Տները թալանված էին, գրքերը` հրկիզված, պղծված էին գյուղի զույգ եկեղեցիները:
Հայ համայնքների կրոնական եւ աշխարհիկ ղեկավար մարմինների շնորհիվ վերականգնվեցին գյուղի Եկեղեցիները ու վերաօծվեցին:
Հոկտեմբեր 19-ին աշխարհիկ կյանքից հեռացավ Սարի Վարժապետը:
Նրա հոգին սավառնելու է Քեսապի Լեռներում:
Փրկվեց նրա նվիրած «Եղեռնը վերապրողի հուշեր» գիրքը:
Հավատին եւ ծառայությանը նվիրված այդ հոգին հավերժական է եւ անմահ:
Գիրքը պիտի խոսի…
Նորայր Մանճյան
Սիրիա