Հայուն Կիրակի Օրվան «հեւք»ը

Բայց արդյոք միայն կիրակի օրե՞րն են հայուն «հեւք»ը….:
Երեւի շաբթվան բոլոր օրերը, բայց այս «հեւք»-ը ապրեցա, երբ կիրակի, 5 հոկտեմբերին ամբողջ օր մը անցուցի Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ, Տալլաս, Միացյալ Նահանգներ:
Եւ կիրակի օրվան մը հեւքն էր, զոր հայկական փոքր գաղութը կուզե՛ յուրաքանչյուր վայրկյան լավապես «ապրիլ», որպեսզի օգտակար արդյունք ունենա` ըլլա անհատական, բայց մանավանդ հավաքական կյանքերուն համար: Ամերիկայի մեջ եւ երեւի քիչ մը ամեն տեղ` այս օրերուն խճողված հայտագիրները եւ առօրյայ կյանքի պահանջները` առիթ չեն տար, որ մարդ մտածե ինքն իր մասին, բայց նաեւ` իր մշակույթին, լեզվին ու հավատքին:
«Հայությունը կուզե՛մ պահել իմ հոգեւոր ծառայությանս միջոցով»:
Ղեւոնդ քահանա Աճամյանը հոգեւոր հովյուն է Սուրբ Սարգիս Հայաստանյայց առաքելական եկեղեցվո: Հազիվ երեսուն տարիքը բոլորած է, բայց արդեն մեծ նվիրումով լծված է իր գաղութին հոգեւոր եւ ազգային ծառայության Օհայո ծնած է` իտալացի մորմե եւ հայ հորմե, մորը քաջալերանքը մեծ եղած է զինք հոգեւոր ծառայության մղելու իմաստով, բայց նաեւ կա հայկականությունը: Իտալացի մայրը համոզումով կառչած է իր ամուսնույն ազգային ինքնության եւ իր զավակը մղած է այդ ուղղությամբ, այնքան որ Ղեւոնդ քահանան հպարտությամբ կըսե՛. «Հայերենը շատ գեղեցիկ լեզու է…»: Բայց նաեւ`«լեզուն կորոշե՛ մարդուն եւ հավաքականության մշակույթը եւ կենցաղը»:
Եւ այս համոզմունքով, ան կամաց-կամաց` ինքնուս,սորված է հայերեն, բայց նաեւ ամուսնանալով Հայաստանեն հայուհիի մը հետ, կրցած է կազմել հայկական տուն մը, ուր միայն հայերեն կխոսին…:
Տալլասի հայ գաղութը կհաշվե չորս հարյուր հիսուն ընտանիք: Ջախջախիչ մեծամասնությունը եկած է Միջին Արեւելքեն, նաեւ` Թուրքիայեն: Ազգային ինքնությամբ փխրուն հավաքականություն է, որ եկեղեցվո շուրջ համախմբվելով «հեւքի» մեջ է `հայությունը պահելու տեսլականով…:
Իսկ հեւքը…:
«Փորձեցինք շաբաթ օրերը մանուկները եկեղեցի բերել, որպեսզի հայերեն սորվեցնենք: Չհաջողեցանք`գործնական պատճառներով»: Բայց այդ «չհաջողիլը» չէ հուսահատեցուցած տեր հայրը եւ ժողովուրդը: «Կիրակի օրերը որոշեցինք զիրենք եկեղեցի բերել` թե՛ հայերեն կսորվեցնենք, եւ թե Աստվածաշունչի դաստիարակություն»:
Եկեղեցական Ս. պատարագի ժամանակ ավելի քան երեսուն մանուկ-պատանիներ մտան եկեղեցի: Իրենց կիրակի օրվան դասապահերը ամբողջացնելե ետք, բոլորն ալ կմասնակցին եկեղեցական արարողության: Բայց ուշագրավ էր այն, որ Ղեւոնդ քահանան պատարագի ընթացքին հրավիրեց պզտիկները համախմբվելու խորանին չորս կողմը եւ ծալլապատիկ նստեցնելով զիրենք`սկսավ խոսիլ եւ պատմութին պատմել: «Յիսուս ալ առակներով խոսեցավ մարդոց հետ, որպեսզի հասկնան», ըսավ տեր հայրը` շեշտելով. «Պետք է մանուկները եկեղեցի բերենք, որպեսզի ուրիշ տեղ չերթան…»: Ու չուշացավ տեր հոր երիտասարդական խանդավառությամբ դիպուկ կատակը: «Մենք շատ պաշտոնական ենք:Արժե քիչ մը փոխել եւ փոխվիլ…»:
Եւ կիրակին շարունակվեցավ Տալլասի հայկական եկեղեցվո մեջ:
Եկեղեցվո մեջ եղողները մեծ անձկությամբ լսեցին իմ ելույթս` «քրիստոնյայ համայնքներու իրավիճակը ներկա Միջին Արեւելքի տագնապներու ընթացքինե նյութին մասին: Թեեւ կլսեին հետաքրքրությամբ, բայց նաեւ կտեսնեիր կարոտը եւ մտահոգությունը իրենց աչքերուն մեջ: Բայց չէ, որ կյանքեր ապրած են յուրաքանչյուրը այս Միջին Արեւելքի երկիրներուն մեջ…: Պեյրութը, Հալեպը, Դամասկոսը, Պաղտատը, Պոլիսը ու տակավին: Երախտապարտ են իրենց ծննդավայրերուն, ուր իրենց ստացած դաստիարակությունը այսօր յուրաքանչյուրը ի սպաս կդնե իրենց «նոր գաղութի» հառաջխաղացքին համար: Նոյն սփյուռքահայուն հեւքն է ու այս հեւքին ստեղծած «տագնապը», որ կշարունակվի եւ երեւի ավելի արագ…: Բայց նաեւ` աշխուժ:
Հավաքական ճաշեն ետք` կային երգչախումբի եւ պարախումբի փորձերը`պատրաստվելու համար վերամուտի գեղարվեստական ու հայկական տոհմիկ երեկոյին: Հետեւեցա երիտասարդներուն եւ պատանիներուն երգին ու պարին…: Եթե մեկ կողմե կար ուրախություն, բայց նաեւ հպարտություն…: Եւ այս հեւքոտ կյանքը ավելիով կամրացնե՛ր իրենց մեջ հայուն հպարտությունը:
Տեր հայրը հավատացողն է, թե ազգային ինքնությունը եւ քրիստոնեական հավատքը հայուն նկարագիրին անբաժանելի մասնիկներն են: «Չես կրնար իրարմե բաժնել», ըսավ ան: Բայց նույնպես մտահոգ է հայուն «կոտորակված» վիճակով…: «Պետք է մտածենք որպես մեկ միավոր, երբ կխոսինք գաղութին մասին»: Եւ Տալլասի մեջ ալ, սփյուռքյան մեր մյուս գաղութներու նման, յուրաքանչյուր անհատը կուզե՛ կառչիլ իր «նմաններուն» իր նախկին երկրին ինքնության եւ կենցաղներուն: Եւ այս ալ հայուն «հեւքին» մեկ անբաժան մասն է: Յուրաքանչյուր հայ իր ազգային ինքնության հետ` կփնտռե իր «Պեյրութին հմայքները»` «Մեր Հալեպը», «Պաղտատի արմավենիները», «Պոլսո Պոսֆորը» եւ տակավին…: Յուրաքանչյուրը տված է նկարագիր եւ ոճ, որ կերտած է նաեւ նկարագիր եւ մշակույթ` դառնալով յուրաքանչյուր սփյուռքահայուն հոգեհատորը…:
Տալլասի մեջ` մեկ կողմե ապրեցա «հայուն կիրակի օրվան հեւքըե, բայց նաեւ սիրեցի զայն: «Գունավոր» խճանկար մը` ուր յուրաքանչյուրը իր գույնով եւ բույրով` մեկ գեղեցկություն մը կավելցնե՛ր հայուն համընդհանուր գոյապատկերին մեջ: Բայց այս «հեւքը» նաեւ ապրիլ է եւ ապրեցնող: Թեկուզ հեռու` այսպես ըսած աշխարհի մեկ անկյունը, բայց շարժուն վիճակ մըն է, որ կենդանություն կշնորհե: Եւ այս կենդանությունն է որ հայը պիտի ապրեցնե:
Տեր Ղեւոնդ իր երիտասարդական ավիշով եւ ուժով կսիրե այս ապրող եւ ապրեցնող վիճակը: «Առաքյալ կնշանակե առաջ երթալ հատուկ առաքելությամբ: Պետք է հայուն երթալ եւ զինք գտնել ու պահել…»:
Հայուն հեւքն է այս…: Առաջ երթալ եւ հայը գտնել, բայց նաեւ` պահել…: Պահել իր ազգային ու քրիստոնեական ինքնությամբ:
Եթե Տալասի մեջ հեւքի օրը «կիրակին» է` բայց հայուն հեւքը ամեն օր է եւ ամեն տեղ:
Եւ հայուն «հեւքը»` նույն հայը գտնելն ու պահելն է…:
ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԵՊԵՃՅԱՆ