Արգենտինական պարբերականը Հայաստանին շախմատային գերտերություն է անվանել
Արգենտինական «La Nación» պարբերականը բավականին ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանին՝ անվանելով այն շախմատային գերտերություն և հանգամանալից ներկայացնելով շախմատային ավանդույթներն ու ձեռքբերումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածում նշված է.
«Հայաստանը մոտ 30.000 քառ. կմ տարածքով, 3.2 միլիոն բնակչությամբ մի աշխարհագրական կետ է Փոքր Ասիայում, որը վերջին տասնամյակում շախմատային ոլորտի առաջատար դիրքներն է զբաղեցրել. առաջին տեղն է գրավել 2006թ. ուրինում, 2008թ. Դրեզդենում և 2012թ. Ստամբուլում կայացած օլիմպիադաներում, թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել 2011թ. աշխարհի առաջնությունում և աշխարհի միակ երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում դասավանդվում է որպես պարտադիր առարկա: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 31-ամյա գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մինչև վերջերս աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն էր, իսկ այժմ գրավում է 5-րդ հորիզոնականը»:
Անդրադառնալով Հայաստանում շախմատային ավանդույթների ակունքներին` հոդվածագիրն անդրադարձ է կատարում
1963թ. մայիսի 20-ին կայացած Պետրոսյան- Բոտվիննիկ մրցապայքարին, որի արդյունքում 12.5 և 9.5 միավորների հարաբերակցությամբ Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Այնպես, ինչպես ամերիկացիներն են հիշում Քենեդիի սպանության օրը և վայրը, այնպես էլ Հայաստանում ավագ սերունդը հիշում է Երևանի օպերայի հրապարակի հանդիսություններն ու տոնակատարությունները, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը»:
Անդրադառնալով Տիգրան Պետրոսյանի` Արգենտինա կատարած չորս այցերին, հոդվածագիրը առանձնացնում է 1971թ.
այցը, երբ տեղի ունեցավ Պետրոսյան-Բոբբի Ֆիշեր մրցապայքարը:
Հոդվածում հատկապես կարևորություն է տրվում ՀՀ դպրոցներում 2011թ.-ից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու որոշումը, որը, ըստ հեղինակի, «մինչև աստղերը բարձրացրեց հազարամյա խաղի ժողովրդականությունը»:
«Հայաստանում կա 1500 դպրոց, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա, և շուրջ 120.000 աշակերտներ սովորում են շախմատ խաղալ: Սա այն տարիքն է, որն ամենահարմարն է շախմատ սովորելու համար: Ավելի քան 1219 հատուկ պատրաստվածություն անցած ուսուցիչներ են դասավանդում այդ առարկան»:
«Չենք ուզում, որ աշխարհը Հայաստանի մասին խոսի միայն Ցեղասպանության և երկրաշարժի թեմաներով: Ուզում ենք, որ
երկիրը հայտնի լինի շախմատով», – մեջբերված են նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:
«Շախմատը մարդկանց սովորեցնում է տեսնել այն գեղեցկությունը, որն առաջին հայացքից չի երևում. սովորեցնում է համբերություն ունենալ և չարձագանքել` առանց հասկանալու իրավիճակը», – մեջբերված են Լևոն Արոնյանի խոսքերը:
Հոդվածում տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև ամբողջությամբ մեջբերված է 2008թ. Դրեզդենում կայացած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ամբողջական տարբերակը: