Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի՝ Ֆոնեթոն 2014-ի այս տարվա կնքամայրն է աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:
Երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով Ադրիանա Կարեմբոն Հայաստան կայցելի ս.թ. նոյեմբերի 15-21-ը, իր ամուսնու՝ ֆրանսիացի հայտնի գործարար, ծնունդով երեւանցի Արամ Օհանյանի ուղեկցությամբ:
Ադրիանա Կարեմբոն և Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում Տավուշի մարզում գյուղացիական տնտեսություններն ու ոռոգման համակարգերը՝ ֆինանսավորված Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի կողմից, ինչպես նաեւ Օշականի դպրոցը՝ ֆինանսավորված պատգամավոր Ռենե Ռուքեի ու Ալֆորվիլի քաղաքապետարանի կողմից՝ գլխավորությամբ սենատոր-քաղաքապետ Լյուկ Կարվունասի:
Այցի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նրանց կուղեկցի Տավուշի մարզ, այդպես ընդգծելով Ֆրանսիայի նվիրվածությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ նրա քաղաքացիների բարօրության հանդեպ:
Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաեւ այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, և որտեղ նրա հայրը՝ Տաքես Օհանյանը, 1950-ականներին վայելել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն լինելու մարզական փառքը: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի համահայկական հիմնադրամից: