Շտուտգարտում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր

Եթե այս տարի հիշվում է առաջին համաշխարհային պատերազմը, ապա ուշագրավ են դառնում   վերջին հարյուրամյակի բոլոր  ահաբեկող էջերը: Դրանցից առաջինն, անկասկած, հայերի նկատմամբ 1915-1916թթ. Օսմանյան Կայսրությունում իրականացված  ցեղասպանությունն է, որի հետևանքներն   ակնհայտ են մինչ օրս: Հենց այդ հետևանքներն էլ իրենց հերթին ահազանգում էին հազարամյա քրիստոնեական մշակույթի անկման մասին:

Հոկտեմբերի 15-ից 19-ը Շտուտգարտում անցկացվող Հայ մշակույթի օրերը հրաշալի հնարավորություն կընձեռեն ծանոթանալու հայ մշակույթի ողջ  հմայքին: Ոչ միայն դրա անցյալին, այլ նաև ապագային: Չէ որ Արարատ լեռան երկրում` Հայաստանում, առ այսօր կենդանի է հազարամյա պատմություն  ունեցող, հայոց հարուստ մշակույթը:

Այս միջոցառումների նպատակն է հայ մշակույթը հասանելի դարձնել  առավել լայն  շրջանակների համար: Հանդիսատեսին սպասվում է միջոցառումների բազմաբնույթ ծրագիր:

Համերգները, գրքերի շնորհանդեսները, բանախոսությունները, սեմինարները, ինչպես նաև հայկական խոհանոցի և հայոց լեզվի դասընթացները, ներկաներին  հնարավորություն կտան ուսումնասիրել հարուստ հայկական մշակույթը` տարբեր կողմերից:

Այս տարվա միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանից և ԱՄՆ-ից ժամանած արվեստագերտներ։ Դասական երգչուհի Սիրանուշ Գասպարյանը` հայտնի գերմանացի երգեհոնահար Յորգ-Հաննես Հահնի նվագակցությամբ, կներկայացնի հայ և եվրոպական հոգևոր երաժշտություն։

AVA TRIO-ն, որի կազմում են Արթո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանն ու Արմեն Հյուսնւնցը, կներկայացնեն հայկական էթնո-ջազը։ Իսկ Վիեննայից ժամանած Հելեն Քուրքջյանը կներկայացնի իր փաստագրական ֆիլմը:Այն պատմում է Գերմանիայում ծնված և Ավստրիայում մեծացած օրիորդի մասին, ում  մայրը գերմանացի է, իսկ հայրը Լիբաբանում ծնված հայ, և ով փորձում է  բացահայտել սեփական արմատները։

Հայ մշակույթի օրերի բացման համերգին հանդես կգա գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: Նա կներկայացնի Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և այլոց ստեղծագործություններ։ Իսկ փակման համերգին իրենց ընդունակությունները հանդիսատեսի դատին  կներկայացնեն հայ ուսանող երաժիշտներ։

Բադեն Վյուրտեմբերգի Հայ համայնքը՝ Շտուտգարտում Հայ մշակույթի օրերի իրականացմամբ,   հավատարիմ է մնում մի չափազանց կարևոր առաքելության, որն է՝  ազգային ինքնության  պահպանությունը, հայկական ավանդույթների պահպանումը և այն առավել  լայն շրջանակներին մատուցումը:

Միջոցառումները կազմակերպվում են գերմանական կառավարության և գերմանացի բարերարների օժանդակությամբ՝ Բադեն Վյուրտեմբերգի Ինտեգրման նախարարության, «Բադեն Վյուրտեմբերգ» հիմնադրամ, Kärcher և C-Quadrat ընկերությունների օժանդակությամբ։ Միակ հայկական կազմակերպությունը, որը բացի տեղի համայնքից օժանդակում է Շտուտգարտում Հայ մշակույթի օրերին՝ Գերմանիաի հայ գործարարների միությունն է։

Միջոցառումների կազմակերպման ընթացքում համայնքը համագործակցում է Շտուտգարտում գործող պետական և մշակութային կառույցների հետ, ինչպիսիք են Շտուտգարտի Volkshochschule-ն, քաղաքային գրադարանը, Հոսպիտալհոֆը, քաղաքի կենտրոնական թատրոնը և այլն: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են  Բադեն Վյուրտեմբերգի Հայ համայնքից:

Scroll Up