Արա Աբրահամյան. Լեւոն Հայրապետյանի գործը շուտով լուծում կստանա

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայ բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի գործով հետաքրքրվողներին կոչ է անում զինվել համբերությամբ եւ սպասել եւս մի փոքր, քանի որ խնդիրը ժամանակավոր է եւ հարցը ընթացքում պարզաբանվելու է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արա Աբրահամյանը շեշտում է, որ միությունն առաջին օրվանից եղել է Հայրապետյանի կողքին, հանդիպել իրավաբանների հետ:
«Մենք երաշխավորել ենք եւ հատուկ նամակ ուղարկել: Զրուցել եմ բազմաթիվ իրավաբանների հետ, եւ նրանք բոլորն էլ ասում են, որ ժամանակի հարց է: Այժմ Լեւոն Հայրապետյանը ստանում է համապատասխան բուժում, անհրաժեշտ դեղորայք, իր մեղքը մենք չենք տեսնում, եւ ժամանակ է պետք, որ քննությունը դա պարզի»,- ասաց Արա Աբրահամյանը` հավելելով, որ
Հայրապետյանի գործը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ` տնտեսական` երկու այլ խոշոր բիզնեսմենների միջեւ:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: (Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանում է): Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և
փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: Հոկտեմբերի սկզբին Հայրապետյանը տնային կալանքի տակ է հայտնվել: