Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԿՄԸ 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին (լուսանկարներ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի  աջակցությամբ մեկնարկած Հայ կանանց միջազգային ընկերակցության (ՀԿՄԸ) 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:  Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

4

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար, և  ներկայացրեց համաժողովի արդյունքները: Գերատեսչության ղեկավարը նշեց, որ  Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում մեծ են այս ընկերակցության անդամների ներդրումն ու ջանքերը:

3

Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Կինը ոչ միայն  հիմնասյունն է հայ ընտանիքի և  հայ օջախի, այլև ազգային կյանքի ու պետության, ում ձեռքերում կերտվում է հայ ժողովրդի վաղվա օրը, ում շնորհիվ պայծառանում է հայ կյանքը, զորանում Հայրենիքն ու Եկեղեցին, ողջունում եմ ՀԿՄԸ  հերթական համաժողովի գումարումը Հայրենիքում և խրախուսում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող այս ազգօգուտ, հայապահպան միջոցառումները, թող Տերը օրհնի և պահպանի Ձեզ Ձեր առաքելության մեջ»:

Հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև որդեծնության խնդրին: Վեհափառ Հայրապետը համաժողովի մասնակից հայ կանանց հորդորեց, որ նրանք նույնպես քաջալերեն երիտասարդ ընտանիքներին, որպեսզի նրանք 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իրենց կյանքը զարդարեն զավակների ծնունդներով: Այդ քայլով նրանք ոչ միայն կհարգեն հայոց նահատակների հիշատակը, այլև կնպաստեն հայության առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդրի կարգավորմանը:

Վերջում համաժողովի մասնակիցները Վեհափառ Հայրապետին ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Հանդիպումից հետո բոլորը Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ Պատարագին և աղոթեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

5

Scroll Up