Ժիրայր Ռէիսեան. «Սիրիայում կան գյուղեր, որտեղ միայն ծագումով հայեր են ապրում..»

Այսօր շատ է խոսվում իսլամացած հայերի մասին, հատկապես` Թուրքիայում ապրող: Սակայն, ծագումով հայեր ապրում են նաև Արաբական որոշ երկրներում, Սիրիայում, ինչի շուրջ էլ «Հայերն այսօրը» զրուցել է Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռէիսեանի հետ.
-Եթե խնդիրը միայն կրոնական տեսանկյունից պետք է դիտենք, ապա այդ մարդկանց կարող ենք կոչել մեկ անունով` իսլամացած հայեր: Իսլամացած հայերի խնդիր կա Թուրքիայում, որոնք պարտադրված են իսլամացել (սա խոսակցության առանձին նյութ է) և Արաբական աշխարհում, հատկապես` Սիրիայում, որին ես մի փոքր ավելի եմ ծանոթ: Նրանց մեջ կան և՛ կորսված հայեր և՛ իսլամացած, բայց իրենց արմատները տակավին հիշող, իրենց պատկանելիությունը պահող հայեր: Անշուշտ, հնարավոր է, որ շատերը չգիտեն նրանց մասին, հատկապես, որ իրենք էլ չեն համարձակվում բարձրաձայնել իրենց պատկանելիության մասին:
Սիրիայում ապրող իսլամացած հայերին մի քանի խմբի կարելի է բաժանել: Խոսեմ օրինակներով: Ցեղասպանության օրերին գաղթական հայերին, ովքեր անապատի կողմից հասել են Դեր Զոր եւ Ջեզիրեի շրջան, արաբ շատ ցեղախմբեր տեր են կանգնել տարբեր պատճառներով:
Եղել են մարդիկ, որոնք իգական սեռի ներկայացուցիչներին ամուսնացրել են արաբ երիտասարդների հետ, որոնց զավակները հետագայում հպարտությամբ են հիշել, որ իրենց մեծ մայրը հայ է եղել: Ես, օրինակ, Ջեզիրեի շրջանում շրջագայության ժամանակ այցելեցի մի ցեղախմբի, որի մեծ մայրը հայ էր: Փոքրիկ, հողաշեն տնից երբ ներս մտանք, հարյուրի սահմանին մոտ գտնվող կինը նստած էր գետնին: Նա շատ քիչ բան էր հիշում իր արմատների մասին: Երբ ցանկացանք նրան իր թոռների, ծոռների հետ լուսանկարել, կնոջ շուրջը հարյուրից ավելի մարդ հավաքվեց: Բնական է, որ այդքան մարդ, եթե նույնիսկ շշուկով փորձի խոսել, աղմուկ կբարձրանա: Ամենահետաքրքիրն այն էր, որ երբ կինը ձեռքի գավազանը խփեց գետնին, անմիջապես քար լռություն տիրեց: Դա վկայում էր այն մասին, որ նա տակավին հարգանք, հեղինակություն և գուրգուրանք վայելող կին էր:
Կան նաև այնպիսի դեպքեր, երբ արաբ ցեղախմբերը փրկել են հայ որբերի ու իրենց ընտանիքում մեծացրել: Միաժամանակ ասել են` մենք քեզ պահեցինք, մեծացրեցինք, մեր ընտանիքի անդամ դարձրինք և մեր զավակների հետ նույն իրավունքը քեզ տվեցինք, սակայն, իմացիր, որ քո արմատները հայ են և մեր ցանկությունն է, որ քո ազգակիցներից մեկին ընտրես` որպես քո կյանքի ընկեր: Եվ ամուսնացրել են ծագումով հայերի հետ: Հետևաբար, այս մարդկանց ոչ թե մեծ մայրն է հայ եղել, այլ հայրն էլ, մայրն էլ ծագումով հայ են, և նրանց զավակները, թեկուզ և այսօր արաբական անուններ են կրում, իսլամ են դավանում` հիշում են, որ մայրն էլ, հայրն էլ հայարմատ են:
Երրորդ պարագան այն է, երբ մի ամբողջ գյուղում միայն ծագումով հայեր են ապրում: Օրինակ` Դեր Զորի շրջանում ապրող Բագգարա (Բակկարա) ցեղախումբը փոքրիկ գյուղեր է հատկացրել հայարմատ կնոջը, տղամարդուն, որոնք միմյանց հետ են ամուսնացել: Այդ գյուղերում միայն ծագումով հայ մարդիկ են ապրում: Այդ գյուղերից մեկը կոչվում է` Հաթլի: Նրանք գիտեն որ և´ հոր, և´ մոր կողմից հայարմատ են, և եթե կարողացել են հիշել, թե իրենց հոր կամ մոր ազգանունն ինչ է եղել` փորձել են պահել: Օրինակ` այդ գյուղում ապրում է Մուհամեդ Կարապետ անունով մեկը: Մի փոքր տարօրինակ կարող է հնչել Մուհամեդ Կարապետ անունը, բայց նման անուններ կրող մարդիկ շատ են Հաթլիում: Նրանք արաբ են, իսլամ և առիթի դեպքում ասում են, որ այո´, մենք Բագգարա ցեղախմբի մի մասնիկ ենք, բայց նաև` հայարմատ:
Մեկ այլ օրինակ բերեմ: Ջեզիրեի շրջանում ապրում է Աշիրեթ էրմենի շաթաթ անունով ցեղախումբը: Փորձենք թարգմանել ցեղախմբի անունը. աշիրեթ նշանակում է` ցեղախումբ, էրմենի` հայ, շաթաթ` ցրված: Անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է ցեղախմբի մասին: Փաստորեն, այն կազմվել է հայի բեկորներից, որոնք իսլամ են` արաբ բեդվինների պես, սակայն, իմանալով, որ հայարմատ են` իրենց ցեղախումբը կոչել են` Աշիրեթ էրմենի շաթաթ:
Այս է Արաբական աշխարհի և հատկապես Սիրիայի մեջ ապրող իսլամացած հայերի պատմությունը, հայեր, որոնց առաջին հանգրվանը Ցեղասպանությունից հետո Սիրիան էր:
– Պարո´ն Ռէիսեան, թեև նրանք այսօր արաբ են, իսլամ, բայց որևէ բանով առանձնանո՞ւմ են արաբներից:
– Այո, իհարկե: Օրինակ` Հաթլիի մեջ երբ երիտասարդներն ամուսնության տարիքին են հասնում, ծնողները նրանց պարտադիր ամուսնացնում են իրենց «նմանի» հետ` պատկանելիության գիծը պահելու համար: 2001 թվականին մենք հատուկ ձեռնարկով երախտագիտական հուշանվերներով պարգևատրեցինք այն արաբ ցեղապետերին, որոնց ցեղախմբերը մարդկային, հյուրընկալ վերաբերմունք էին ցուցաբերել մեր տարագիր մեծ հայրերի, մայրերի նկատմամբ: Նախապատրաստական աշխատանքների օրերին գնացել էինք Դեր Զորի Նահատակաց հուշահամալիր: Երբ հուշահամալիրից դուրս էինք գալիս, քահանան մոտեցավ և, ցույց տալով քիչ այն կողմ կանգնած երիտասարդներին, ասաց, որ ուզում են խոսել մեզ հետ: Երբ մոտեցա, հարցրի, թե ինչով կարող ենք օգտակար լինել: Նրանք պատասխանեցին` գիտեք, մենք ծագումով հայ ենք, որքան ժամանակ է` ցանկանում ենք մտնել այս հուշահամալիր, որը մեր սրտի հետ խոսող բան ունի, բայց չենք համարձակվում, որովհետև մենք այսօր արաբ ենք, իսլամ: Երիտասարդների խումբը Հաթլեից էր: Ես նրանց ասացի` իհարկե կարող եք, եթե այդ արմատն էլ չունենայիք, դարձյալ կարող էիք մտնել: Երիտասարդները մտան հուշահամալիր, այցելեցին եկեղեցի, փոքրիկ աղոթք արեցին, իջան ցուցասրահ, որտեղ ցուցադրված էին Եղեռնի մասին պատմող վկայություններ, դիտեցին, հուզվեցին և հետո ասացին, որ եթե մենք ցանկանանք մեր արմատներին վերադառնալ` ինչ միջոցներ կան:
Սիրիայում և իսլամական երկրներում դա խորթ հնչող բան է, որովհետև իսլամական հասկացողությամբ երբ որևէ մեկը, ով իսլամ է, իր կրոնից հրաժարվում է` մահվան է արժանի: Այդ անհարմարություններից հեռու մնալու համար ես նրանց ասացի. «Մենք ուրախ ենք, որ դուք չեք մոռացել Ձեր արմատները, չեք մոռացել Ձեր իրական պատկանելիությունը, սակայն, դուք էլ գիտեք, որ նման քայլն ունի իր բացասական կողմերը: Պահեցեք Ձեր հայությունը, մենք էլ կպահենք Ձեր նկատմամբ հարազատությունը` մնացյալը թողնելով ապագային, տեսնելով, թե այն ինչ կբերի»:
Նման մարդկանց կողքին, սակայն, կան լրիվ կորսվածներ, որոնք ոչինչ չեն հիշում իրենց արմատների, ինքնության մասին:
– Պարո´ն Ռէիսեան, մեր վերաբերմունքը, այնուամենայնիվ, այդ մարդկանց նկատմամբ ինչպիսի՞ն պետք է լինի: Հատկապես, որ մեր Եկեղեցու վերաբերմունքն այս հարցում մի քիչ զգուշավոր է:
– Անշուշտ, որովհետև նման նյութի արծարծումը, տարածումը, նույնիսկ հնչեցումն արդեն իսկ խորթ է բոլոր իսլամների, արաբների համար: Ինչպես քիչ առաջ ասացի, երբ որևէ իսլամ հրաժարվում է իր կրոնից, մահվան է դատապարտվում: Նրանք ընդունում են, որ կրոնները, հատկապես միաստված կրոնները, հաջորդաբար են եկել` որպես զարգացում: Այսինքն, Մովսեսականությունից հետո եկել է Քրիստոսը` կատարելով մեկ քայլ առաջ, հետո եկել է Մուհամեդը, որի պարագայում կրոնը նույնպես մեկ քայլ առաջ է գնացել: Հետևաբար, մարդը չի կարող հետ գնալ: Նրանք, ովքեր հետ են գնում, նահանջում են, ապրելու արժանի չեն:
Եվ ճիշտ է, որ մենք պետք է զգուշավոր լինենք նրանց նկատմամբ, և մեր Եկեղեցին նույնպես:
– Պարո´ն Ռէիսեան, բայց այսօր Թուրքիայում շատ են այն մարդիկ, ովքեր վերադառնում են իրենց արմատներին, մկրտվում են: Մի՞թե մենք պետք է անտեսենք այս փաստը:
– Թուրքիան տարբեր երկիր է, և պետության համար կրոնը և կառավարությունը միմյանցից անջատ են: Մի փոքրիկ օրինակ բերեմ: Սիրիայում, Արաբական աշխարհում, եթե ամուսնությունը չի վավերացվում կրոնական իշխանությունների կողմից, պետությունը նույնպես չի վավերացնում: Բայց Թուրքիայում այդպես չէ: Ամուսնությունը կարող է գրանցել միայն դատարանում և օրինական համարվել:
Այնպես որ, Թուրքիայի պարագան տարբեր է:
– Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է լսել Ձեր անձնական կարծիքը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր, անտեսելով վտանգը, բարձրաձայնում են իրենց իրական ինքնության մասին:
– Ես չեմ ուզում ընդհանուր կարծիք հայտնել, պարզապես իմ անձնական համոզումս ասեմ: Ողջունելի է, պետք է հոգ տանել, պետք է ուշադրություն դարձնել, բայց նաև` զգուշավոր լինել, որովհետև այս ձևով կարող է սպրդումներ լինել: Այսինքն, որևէ մեկ նման զգացումով մոտեցողին անմիջապես գրկաբաց ընդունելն էլ այդքան ճիշտ չէ, որովհետև քաղաքական աշխարհում նման սպրդումներ, թափանցումներ միշտ եղել են, որը և ի վնաս կարող է լինել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը