Լևոն Չիդիլյան. «Պայքարի նոր փուլ է սկսվում…»

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցում էր նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: «Հայերն այսօրի» ընթերցողներին ենք ներկայացնում Լևոն Չիդիլյանի հետ զրույցը, որը տեղի է ունեցել համաժողովի օրերին:

-Պարո՛ն Չիդիլյան, Ձեր համայնքում ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:

-2015 թվականի հունվարից նախատեսել ենք իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններում: Կլինեն խաչքարերի բացում, համաժողովներ, ցուցահանդեսներ: Նախատեսել ենք միջոցառումներին մասնակից դարձնել նաև վրաց հասարակությանը, որպեսզի նրանք էլ իրազեկված լինեն: Իսկ ապրիլի 24-ին, ինչպես ամեն տարի, կկազմակերպվեն հիշատակի երեկոներ և ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն:

-Երիտասարդները համայնքային խնդիրներին, աշխատանքներին մասնակից դառնո՞ւմ են:

-Նախորդ տասը տարիների համեմատ երիտասարդներն այսօր առավել ակտիվ են, թեև այս արդյունքը մեզ համար դեռ բավարար չէ: Իսկ եթե համեմատենք Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների հետ, միանշանակ, մեր համայնքը զիջում է: Եվ մենք աշխատում ենք այս ուղղությամբ:

– Սփյուռքի գլխավոր խնդիրներից մեկը մայրենիի պահպանումն է: Ձեր համայնքում վիճակն ինչպիսի՞ն է:

-Մայրենիի պահպանումն այսօր Թբիլիսիում լուրջ խնդիր է: Բարեբախտաբար, Ջավախքում և Մառնեուլի շրջանի գյուղերում այդ խնդիրը չկա, որովհետև այնտեղ հայկական դպրոցներ են գործում: Իսկ Թբիլիսիում, որտեղ մոտ ութսուն հազար հայ է ապրում, ունենք մեկ հայկական ամենօրյա դպրոց և վրացական երկու դպրոցներում գործող հայկական բաժիններ: Ունենք կիրակնօրյա դպրոցներ, որոնք տարեկան մոտ 250 շրջանավարտ են ունենում: Այս ամենը, բնականաբար, բավարար չէ հայկական կրթություն ստանալու համար: Եվ սա է պատճառը, որ մեծամասնությունը հայերեն գրել և կարդալ չգիտի:

-Վրաստանի ո՞ր տարածաշրջանի բնակիչներն են հեռացել իրենց արմատներից:

-Առաջինը, միանշանակ, Գորիի շրջանն է, որտեղ հայերը փոքրամասնություն են կազմում, մյուսը` Կասպին է, որտեղ չի գործում և ոչ մի հայկական կառույց: Թբիլիսիում, անկախ առկա դժվարություններից ու խնդիրներից, կան նպատակային կառույցներ, որտեղ ցանկացողները կարող են հայկական կրթություն ու հայեցի դաստիարակություն ստանալ:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2015 թվականից, հատկապես որ լրանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

-Ամենամեծ ակնկալիքս այն է, որ մենք հզորանանք, որպեսզի ոչ ոք չփորձի որևէ ոտնձգություն կատարել մեր ազգի, մեր պետության հանդեպ: Կարևոր չէ, թե հայը որտեղ է ապրում` ԱՄՆ-ում, ՌԴ-ում, թե Վրաստանում: Կարևորը` հզոր համայնք ունենալն է: Մենք պետք է համախմբվենք և դառնանք այն ամենի պահանջատերը, ինչը որ կորցրել ենք և առաջին հերթին` հողի պահանջատերը: Պայքարի նոր փուլ է սկսվում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի եզր է, որին պետք է պատասխանատվությամբ մոտենալ:

Օֆելյա Պետրոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Scroll Up