Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ոչնչացումն իսլամիստների կողմից

Կանադան ցավում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հայկական
Սրբոց Նահատակաց եկեղեցու և Մեծ Եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի արտաքին հարաբերությունների, առևտրի և զարգացման նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարություն է արել Կանադայի կրոնական ազատությունների դեսպան Անդրյու Բենեթը:
«Մեկ այլ սուրբ վայրի կանխամտածված և վայրագ ոչնչացումը կրկին ի ցույց է դնում ԻԼԻՊ-ի բնույթն ու դրա օրակարգը, որը գործում է ատելությամբ և անհանդուրժողականությամբ: ԻԼԻՊ-ի գործողությունները շարունակում են ցուցադրել բռի ատելություն մարդկային արժանապատվության և հիմնարար ազատությունների, այդ թվում և կրոնական ազատության նկատմամբ:
ԻԼԻՊ-ի հարձակումներն անխտիր թիրախավորում են քրիստոնյաներին, եզդիներին, շիա և սուննի մահմեդականներին ու նրանց կրոնական հաստատությունները:
Կանադան շարունակում է դատապարտել այս ահաբեկչական խմբավորմանը, որը խեղաթյուրել և ձևափոխել է իսլամի ուղերձն ու սպանել հազարավոր անմեղ մարդկանց»,- ասվում է Բենեթի հայտարարության մեջ:

Scroll Up