«Ղարաբաղ Կարպետը» վերականգնում և տարածում է հայկական գորգագործության ավանդույթները
Սեպտեմբերի 22-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Երևանում ներկա են գտնվել «Ղարաբաղ Կարպետ» ընկերության ֆիրմային խանութի պաշտոնական բացման արարողությանը:
«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ: Ընկերությունը գորգագործական արտադրամասեր ունի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունում աշխատում են ավելի քան 150 գորգագործներ: Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական, և մասնավորապես տիպիկ արցախյան, ինչպես նաև տարբեր քաղաքակրթություններին հատուկ գորգեր: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրանքը հասանելի է նաև ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Եվրոպայի ավելի քան 50 երկրներում: Ընկերության նպատակն է հայկական գորգագործության հազարամյակների պատմությունը տարածել ամբողջ աշխարհում:
Գորգագործությունը հայկական և արցախյան տարածքի մշակութային կարևոր բաղադրիչ է, այդ պատճառով էլ դրա զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն առաջին հերթին կարևորվում են հենց ազգային տեսանկյունից: Արցախը եղել է հայկական գորգագործության կարևորագույն կենտրոններից մեկը: Ցավոք, ադրբեջանցիներն իրենց զեղծարար քաղաքականության արդյունքում հայկական, այդ թվում՝ արցախյան գորգերը աշխարհում ներկայացնում են որպես ադրբեջանական: Այսօր Արցախի կառավարությունը հետևողական է արցախյան գորգագործության զարգացման հարցում: