ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը մասնակցեց «Արփա» ինստիտուտի «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությանը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Պալյանների դահլիճում տեղի ունեցավ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի «Արփա» ինստիտուտի  «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիսությունը:

 Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Կարևորելով միջոցառումը՝ Ս.Սրապիոնյանը նշեց. «Այս մրցանակաբաշությունը նպաստում է, որ բնագիտական ֆակուլտետների ուսանողության թիվն ավելանա, ինչը նկատելի է վերջին տարիներին»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը նշեց, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է Հայրենիքում փորձագիտական գիտությունները զարգացնելու, Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելու նպատակով:

Մրցանակաբաշխության 9 թեմատիկ ուղղություններին մասնակցության հայտ էին ներկայացրել 19 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից,  ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղից: Մրցանակային տեղերի և դրամական պարգևի է արժանացել 3 ուսանող: 1-ին տեղի համար մրցանակակիր չի եղել: 2-րդ մրցանակը տրվել է Հրայր Հովնիկյանին, Պարույր Ավետիսյանին՝ «Էլեկտրոլիտ լուծույթների հաղորդակցության ոչ կոնտակտային չափման ֆեռոէլեկտրոնային նանոթաղանթային տվիչի մշակում և հետազոտում» թեմայի համար և Հրաչ Տոնեյանին, Արմինե Գրիգորյանին՝ «Սիմիլարիտոնային ժամանակահաճախային Ֆուրյե փոխակերպիչ գերարագ ֆոտոնիկայի համար» թեմայի համար, 3-րդ մրցանակը՝ Օվսաննա Զադոյանին՝ «Գրաֆիկի լայնածավալ արտադրության էժան, հեշտ և ոչ ավանդական տեխնոլոգիա» թեմայի համար:

Scroll Up