Հարություն Քենդիմյան.«Իմ երգն հայերեն է ու Հայաստանի մասին է…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/unnamed-421.jpg)
Հուլիսի 19-ին մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա վոկալ երեկո, որտեղ հանդես կգա նաև Հարություն Քենդիմյանը՝ ծնունդով հալեպցի, Չիկագոյում ապրող մեր հայրենակիցը…
-Պարո՛ն Քենդիմյան, գուցե ոչ մեր մեղքով, տակավին անծանոթ ենք ձեր անվանն ու ձեր գործունեությանը, չնայած արդեն տեղեկացված ենք, որ շատ երկար տարիներ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Միացյալ Նահանգներում զբաղված եք հայ երգի քարոզչությամբ: Կպատմե՞ք ձեր մասին:
-Իհարկե: Նախ ասեմ, որ երբեք ինքզինքս ներկայացնելու ցանկություններ չեմ ունեցել, չեմ ձգտել աղմուկ ստեղծել կատարածս աշխատանքի շուրջ: Երգարվեստում էլ ինձ չեմ համարում մեծ արհեստավարժ, ուստի հոգ չէ, որ քչերն ինձ գիտեն Հայաստանում: Սփյուռքը մեծ է և տարածական, հետևաբար, շատ ու շատ սփյուռքյան գործիչների անդրադարձը, նրանց գործունեության ներկայացումը դժվար խնդիր է: Ծնվել եմ Հալեպում: Ծնողներս հարուստ մարդիկ չէին, սակայն ազգային էին, նվիրված էին ազգային խնդիրներին, ամեն ինչ անում էին, որպեսզի մեր ընտանիքում հայեցին գերիշխի: Երևի հենց հատկապես հորս ընդգծված հայկական կեցվածքն էր առիթը, որ մանկուց սիրել եմ հայկական երգեր, չորս տարեկան հասակում արդեն երգում էի շատ երգեր: Հետագայում մեծ փափագ ունեի երաժշտական կրթություն ստանալու, սակայն ընտանիքիս նյութական միջոցները բավարար չէին ծրագրերս կյանքի կոչելու համար: Եվ միայն այն բանից հետո, երբ տեղափոխվեցի ապրելու Բեյրութում, Հարություն Սեթյան պատվելի մարդն ինձ օգնեց, աջակցեց: Ես կարողացա երաժշտական կրթություն ստանալ նրա ղեկավարությամբ և ամբողջ կյանքս ինձ նվիրել երգին:
–Եվ հիմնականում որտե՞ղ եք հանդես եկել, ի՞նչ գործունեություն եք ծավալել:
– Կյանքիս մեծ մասը կապակցված է մեր եկեղեցուն, եկեղեցական երգչախմբերին: Պատանության տարիներին երգել եմ Հալեպի հայկական եկեղեցիների երգչախմբերում, ապա՝ Բեյրութի: Իսկ արդեն քսան տարուց ավելի Չիկագոյի հայկական եկեղեցու դպրապետն եմ և եկեղեցու երգչախմբի ղեկավարը: Սփյուռքում հայկական եկեղեցին ոչ միայն հավատի տուն է, այլև կրթամշակութային հզոր գործոն: Ինչպես Բեյրութում, այնպես էլ Չիկագոյում հանդիսանալով դպրապետ, ես կարևորել եմ երգչախմբի դերն ու նշանակությունը, վստահ եղել, որ հային հայ պահելու լավագույն միջոցներից մեկն էլ հայ երգն է: Տարբեր տարիների իմ ղեկավարած երգչախմբերը մասնակցելեն եկել տարբեր մրցանքների, անգամ հանդես եկել Հայաստանում: Ամենուրեք գնահատվել է մեր միտումը՝ հայ երգը դարձնել մեր ինքնության խորհրդանիշներից մեկը, ապրել հայ երգով:
–Երբևէ ցանկություն չե՞ք ունեցել ներգաղթել Հայաստան, ապրել Հայաստանում:
-Մի չափազանց հետաքրքիր պատմություն կա մեր ներգաղթելու ցանկության հետ կապված:1946-ին հայրս ցուցակագրվել էր և առաջինն էր կամենում իր ընտանիքը Հայաստան տեղափոխել, որովհետև Հայաստան հասկացությունը մեր ընտանիքի համար մի այլ պատկերացում և հասկացություն էր: Խանդավառված էինք, սրտի տրոփյունով սպասում էինք Հայաստան մեկնելուն: Սակայն ինչ-որ չար մարդ ներգաղթով զբաղվողների ականջին փսփսացել էր, թե հայրս մոլեռանդ դաշնակցական է, ինչն այն տարիներին անընդունելի պիտի լիներ Խորհրդային Հայաստանի համար: Մեզ չարտոնվեց Հայաստան գալ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ հայրս ընդգծված ազգային էր, սակայն ոչ երբեք մոլեռանդ դաշնակցական: Նա գնահատում էր Հայաստանը, շատ էր ուզում, որ մեծ ազգահավաք լինի, բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում… Ավաղ, մեր այդ ցանկությունը կյանքի չկոցվեց: Մեծ դժվարություններ ունեցանք, որովհետև հայրս արդեն վաճառել էր մեր տունը մի մուսուլման արաբի, որը չէր կամենում վերադարձնել այն մեզ: Բարեբախտաբար, դրացի արաբ ունեինք, որն աջակցեց և օգնեց…
– Դուք շատ երկար տարիներ ձեզ նվիրել եք հայ երգին: Արդեն ծանոթացա ձեր երկացանկին, որը զարմացրեց և ուրախացրեց ինձ: Դուք լինելով բարիտոն՝ կատարում եք մի շարք բարդ ստեղծագործություններ, անգամ երգեր, որոնք վաղուց չեն կատարվում: Ի՞նչ սկզբունքով եք կազմում ձեր երկացանկը:
– Իմ երգնը հայերենն է ու Հայաստանի մասին է, հետևաբար ես միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որպեսզի ընտրեմ բացառապես մեր ոգուն ու էությանը համահունչ ստեղծագործություններ, կարողանամ երգի միջոցով արտահայտել մտածումներս և զգացմունքներս, ինձ միշտ հայ զգամ: Երևանում պիտի կատարեմ Գեղունի Չթչյանի ստեղծագործություններից մեկը, որը, գրեթե հեռու լինելով իմ ձայնածավալից, այնուհանդերձ ինձ գերել է: Պիտի կատարեմ հեղինակի նվագակցությամբ, որովհետև նա պնդում է, որ դեռ իրեն չի հաջողվել ունենալ մի կատարում, որը համահունչ լինի իր մտահղացումին: Հիմա պիտի ջանամ բավարարել կոմպոզիտորին: Ես կատարում եմ նաև որոշ օպերային արիաներ, որոնք նույնպես հայկական են, հայերեն են ու հայի մասին են:
–Արդյո՞ք այսօր հայ երգը պահանջված է Սփյուռքում, մասնավորաբար Չիկագոյում, որտեղ, ինչպես գիտենք, խիստ ընդգծված չէ ազգային կյանքը:
-Այո, Չիկագոն չունի ազգային կյանքի այնպիսի ավանդույթներ, որոնք բնորոշ են Կալիֆորնիային, ավանդական համարվող մյուս գաղթավայրերին: Սակայն հատկապես հայ եկեղեցին դարձել է հայ կյանքի կենտրոնը, ուստի մեր երգչախումբն ունի մեծ թվով համակիրներ, որոնք հաճախում են մեր կազմակերպած ելույթներին: Գիտեք, որ բոլորեքյան նվիրված ենք մի բանի, որպեսզի հայերենը չանհետանա, հատկապես երիտասարդությունը չհեռանա մեր լեզվից: Դժվար խնդիր է դրված մեր առջև, շատ դժվար: Սակայն ամեն ինչ անում ենք, որ անգամ երգի միջոցով պահենք մեր էությունը:
– Հուլիսի 19-ին ձեր համերգն է Երևանում: Հաջողություն ենք մաղթում ձեզ և վստահություն, որ մեր հանդիսատեսը սիրով ձեզ կընդունի:
– Շնորհակալություն:
Զրուցեց՝ Լևոն Մութաֆյանը