Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի»:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:

Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը և հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

11418_am_1 11418_am_3

Scroll Up