ՎՐԱ Է ՀԱՍԵԼ «ՄԵՐՁԱՄԱՐՏԻ» ՓՈՒԼԸ… Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ
– Պրն Հարությունյան, Ձեր հարցազրույցներից մեկում Դուք արդեն հպանցիկ անդրադարձել եք նոր սառը պատերազմի թեմային՝ գլոբալ համաշխարհային քաղաքակրթական վերաձևափոխումների համատեքստում։ Եկեք ավելի մանրամասն խոսենք այդ մասին։ Ո՞րն է այդ նոր պատերազմի առանձնահատկությունը, և, ի վերջո, ինչի՞ կարող է հանգել աշխարհը դրա արդյունքում։
– Երկբևեռ սառը պատերազմի ավարտից հետո բոլորը շեփորում էին այն մասին, թե ահա վերջապես աշխարհում կտիրի համընդհանուր բարօրություն, որը, սակայն, քչերն զգացին։ Առաջին սառը պատերազմն ավարտվեց Խորհրդային Միության լիակատար պարտությամբ և նրա փլուզմամբ։ Այնինչ, վերջին ժամանակներս, Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված, կրկին տեղեկատվական շրջանառության մեջ մտավ և արմատացավ «սառը պատերազմ» տերմինը։ Ինչո՞վ է այն տարբերվում նախորդից։ Ժամանակին երկբևեռ սառը պատերազմը ներկայացնում էին որպես բարու կայսրության և չարի կայսրության մի յուրօրինակ պայքար, ազատ աշխարհի պայքար ընդդեմ տոտալիտարիզմի։ Այսօր շեշտադրումները խիստ փոխվել են։
Ըստ էության, մենք նոր սառը պատերազմի դրսևորումների ականատեսը դարձանք անցած դարի 90-ականներին, Հարավսլավիայի մասնատումից և Կոսովոյի ճանաչումից հետո։
Այն ժամանակ Ռուսաստանը միայն ձևականորեն կարողացավ արձագանքել հարավսլավական իրադարձություններին։ Հետո սկսվեց աֆղանական պատերազմը, որը Ռուսաստանն անգամ խանդավառությամբ ընդունեց, քանի որ այդ պատերազմը մատուցվեց որպես գլոբալ պայքար միջազգային ահաբեկչության դեմ։ Բայց կրկին ավարտվեց ամենևին էլ ոչ այնպես, ինչպես հռչակվում էր։ Ավելին, միջազգային ահաբեկչությունը «ծաղկեց» հենց այդ պատերազմից հետո։ Իսկ թմրանյութերի վաճառքն ավելացավ մի քանի անգամ։ Այնուհետև պատերազմն էր Հարավային Օսիայում, որը փոքր-ինչ այլ բնույթ էր կրում՝ միջնորդավորված (Proxy) պատերազմ, որը վարվում էր ուրիշի ձեռքերով և հետապնդում էր լոկ մի նպատակ՝ ստեղծել բուֆերային գոտի Ռուսաստանի և Թուրքիային ու Իրանին սահմանակից Հայաստանի միջև։ Բայց այս պատերազմում Ռուսաստանը «չլռեց» և, պաշտպանելով Հրվ. Օսիային ու Աբխազիային, ճանաչեց նրանց անկախությունը և այդպիսով վերադարձրեց տարածաշրջանային տերության իր կարգավիճակը։ Հիշենք նաև իրադարձությունները Մերձավոր Արևելքում՝ պատերազմն Իրաքի դեմ, արաբական գարունը, որի հետևանքով մի քանի երկրներ՝ Եգիպտոսը, Լիբիան, Իրաքը, Սիրիան և այլն, վերածվեցին մարտական գործողությունների և ահաբեկչության թատերաբեմերի։ Ամենահամեստ հաշվարկներով՝ զոհվեց ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ փախստականների թիվը գերազանցում է 8 միլիոնը։ Սա իսկական ցեղասպանություն է, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։
– Սիրիայի պատերազմը փաստորեն վերածվեց բազմաբևեռ պատերազմի։ Եթե չմիջամտեին Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, հնարավոր է՝ Սիրիան արդեն պարզապես չէր լինի աշխարհի քարտեզին…
– Վաղուց չէր լինի… Ընդ որում՝ Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտությանը որոշակիորեն նրան վերադարձրեց արդեն մեծ տերության, խոշոր համաշխարհային աշխարհաքաղաքական դերակատարի նրա կարգավիճակը։ Ռուսաստանի՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված նախաձեռնությունները գործնականում փոխեցին քաղաքական զարգացումների տրամաբանությունը ողջ տարածաշրջանում, ներառյալ Իրանը։ Քանզի բանակցությունները և համաձայնություններն Իրանի հետ նույնպես հարկ է դիտարկել այս համատեքստում։ Հասկանալի է, որ Ռուսաստանի նախաձեռնությունները և նրա ազդեցության ուժեղացումը ոչ մի կերպ չէին կարող ձեռնտու լինել հյուսիսատլանտյան գաղափարախոսներին, որոնց մինչ այդ հաջողվում էր ընդլայնել ՆԱՏՕ սահմանները։ Իսկ Ռուսաստանը պաշտպանվող դիրքերում էր։ Բայցևայնպես, Արևմուտքի՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ շփումները փոքրիշատե պահպանվում էին դիվանագիտական և տեղեկատվական սիրալիրությունների մակարդակում։ Այս ամենը կտրուկ փոխվեց ուկրաինական իրադարձություններին զուգահեռ։ Ակնհայտ է, որ հեղաշրջումն Ուկրաինայում շատ վաղուց էր պատրաստվում և ուներ մի նպատակ՝ պոկել այդ երկիրը Ռուսաստանից։ Այդ նպատակին հասնելու համար վիթխարի ռեսուրսներ են ծախսվել՝ նշվում է $5-40 մլրդ թիվը։ Բացի այդ, իրականացվում էին հանրային, տեղեկատվական նախագծեր, «Աջ սեկտորի» կողմից Լեհաստանի, Լիտվայի տարածքներում զինյալների պատրաստման հատուկ նախագծեր։ Այս փուլում դիվանագիտական պատշաճությունները վերացան. վրա հասավ «մերձամարտի», ավելի ճիշտ՝ «առանց կանոնների մարտի» փուլը։ Ռուսաստանի արձագանքն այս իրավիճակում շատ կոշտ էր։ Կարելի է վիճել Ղրիմում հանրաքվեի տարբեր ասպեկտների և Ռուսաստանին միանալու առնչությամբ, բայց եթե համեմատենք Կոսովոյում տեղի ունեցածը Ղրիմի իրադարձությունների հետ, ապա ակնհայտ է, որ այս երկու իրադարձությունների միջև երկու մեծ տարբերություն կա, և երկուսն էլ բացառապես հօգուտ Ղրիմի են։
– Իսկ ի՞նչ նրբություններ կարելի է նշել, ինչպես Դուք ասացիք, «մերձամարտի» փուլում։
– Շատ բան է փոխվել, եթե համեմատելու լինենք առաջին սառը պատերազմի հետ։ Առաջինը եվրոպական հանրության դիրքորոշումն է։ Նախկինում Արևմուտքը համախմբված էր, Եվրոպայի դիրքորոշումը չէր տարբերվում ԱՄՆ դիրքորոշումից։ Այսօր իրավիճակը միանգամայն այլ է։ Այո, եվրոպական շատ առաջնորդներ դիմում են ակտիվ հռետորաբանությանը, բայց երբ գործը հասնում է ռեալ գործողություններին, դրանք կատարվում են հանգիստ և Եվրոպայի ու Ռուսաստանի փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Ռուսաստանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունն արդեն հասնում է $400 մլրդ-ի, և եվրոպական քաղաքական գործիչները հիանալի հասկանում են, որ խոսքը սեփական շահերի մասին է, իսկ Ուկրաինան վերածվում է մշտական ֆինանսական ներարկումներ պահանջող «սև խոռոչի»։ Կարելի է ասել, որ եվրոպացիներն իրենք իրենց վրա են պատժամիջոցներ դրել՝ ուկրաինական տնտեսությունում ներարկումներ անելու տեսքով։ Եվ ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ եվրոպական առաջնորդներին։ Ի՞նչն է հետաքրքիր. օրինակ, Մերկելի և էլի շատերի հռետորաբանությունն էապես տարբերվում է ՆԱՏՕ բավական ագրեսիվ տրամադրված չինովնիկների և ֆունկցիոներների հռետորաբանությունից։ Նման վարքագիծը, ի դեպ, որոշ չափով հիշեցնում է ԽՍՀՄ Վարշավայի պայմանագրի գծով դաշնակիցների դիրքորոշումն «առաջին սառը պատերազմի» տարիներին, որոնք ամենևին ցանկություն չունեին առճակատման մեջ մտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
– Այո, անզեն աչքով էլ երևում է, որ Եվրոպայի և ԱՄՆ հարաբերություններն այնքան էլ ներդաշնակ չեն։ Արդյո՞ք դա նշանակում է, թե Եվրոպայում տեղի է ունենում ինքնավարացման գործընթաց, և այն պատրաստվում է գործել՝ սեփական շահերից ելնելով։
– Անշուշտ։ Ուկրաինական իրադարձությունները Եվրոպայի համար նշանակում են միայն կորուստներ։ Չէ՞ որ մոտ ապագայում կարելի է խաչ քաշել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «Մեծ Եվրոպա» ստեղծելու նախագծի իրագործման վրա։ Ի լրումն՝ «առաջին սառը պատերազմի» ժամանակ եղած ուժերի դասավորության համեմատ շատ կարևոր փոփոխություններ են կատարվել, որոնք առնչվում են Ռուսաստանի և Չինաստանի փոխհարաբերություններին։ Այսօր Չինաստանը, որ վերածվել է խոշոր աշխարհաքաղաքական ծանրքաշայինի, շատ հարցերում կիսում է Ռուսաստանի մոտեցումներն ու հայացքներն աշխարհակարգի վերաբերյալ, ինչը բացակայում էր նախկինում։ Չինաստանը և Ռուսաստանը համատեղ հանդես եկան սիրիական հակամարտության ընթացքում։ Ակնհայտ է նաև ուկրաինական իրադարձությունների հարցում ԱՄՆ-ին չաջակցելու Չինաստանի դիրքորոշումը։ Չինաստանի հետ Ռուսաստանի սերտ փոխգործակցության վառ օրինակ են լուրջ ռազմավարական այն համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցելության ընթացքում։ Ստացվում է, որ այժմ, ի տարբերություն «առաջին սառը պատերազմի» ժամանակաշրջանի, երբ ԽՍՀՄ-ը «մարտնչում էր երկու ճակատով», այսօր հենց ԱՄՆ-ն է ստիպված «մարտնչել» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։
Չեմ կարող չնշել նաև առհասարակ սոցիալ-տեղեկատվական, բարոյական ողջ մթնոլորտի արմատական փոփոխության մասին։ Խորհրդային Միությունն ամենևին էլ հրեշտակ չէր. հիշենք, թե ինչպես ճնշվեցին հուզումներն Արևելյան Բեռլինում, Հունգարիայում, Պրահայում։ 1979թ. խորհրդային զորքերի «սահմանափակ զորակազմը» մտավ Աֆղանստան։ Ողջ բանական մարդկությունը ԽՍՀՄ-ն ընկալում էր որպես բռնապետություն, որը համապատասխան վարքագիծ ուներ։ Եվ նրանք, ովքեր փախել են Խորհրդային Միությունից, ասում էին, թե իրենք «ընտրել են ազատությունը»։ Այժմ իրավիճակը միանգամայն այլ է…
– Բռնապետության առումով ԱՄՆ-ը, կարծես, վաղուց հասել ու անցել է ԽՍՀՄ-ից։
– Դրա համար էլ զարմանալի չէ, որ Սնոուդենի նման մարդիկ այսօր որպես ապաստան ընտրում են Ռուսաստանը։ Իսկ մյուս «տեղեկատվական այլախոհը»՝ Ասանժը, փորձում է որքան հնարավոր է հեռու փախչել «ազատ աշխարհից»։ Ազատ աշխարհը դադարել է այդպիսին լինելուց։ Փրինսթոնում 8 տարի շարունակ ծավալուն հետազոտություններ էին իրականացնում։ Եզրահանգումն այսպիսին է. Արևմուտքում, այդ թվում և ԱՄՆ-ում արդեն ձևավորվել է հզոր օլիգարխիական հանրություն, որտեղ իշխում է ֆինանսական օլիգարխաթը, համաձայն այսպես կոչված «պոստդեմոկրատական հանրության» օրենքների, եթե հետևելու լինենք անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի եզրաբանությանը։ Արևմուտքում քաղաքական և բիզնես դասերի ձուլման արդյունքում այժմ տիրում է ֆինանսական տոտալիտարիզմը, և դեմոկրատական ինստիտուտները հաճախ հիմնականում ձևական բնույթ են կրում։ Իսկ ֆինանսական տոտալիտարիզմի ձևավորումն անհնար կլիներ առանց տեղեկատվական ոլորտում առկա տոտալիտարիզմի։ Իրագործվում է Օրուելի սցենարը, որն, ի դեպ, գրված է հենց Արևմուտքի համար։ Օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, սոցիալական հոգեբանության նվաճումներից՝ արվում է ամեն բան բնակչության լայն շերտերին «հիմարացնելու» համար։ Այս մասին գրում են իրենք՝ արևմտյան վերլուծաբանները, և վաղուց են գրում։ Շատ լիբերալներ այսօր սատարում են Ռուսաստանին։ Եվ զարմանալի չէ, որ այսօր ԵվրոպայումRussia Today հեռուստաալիքը երրորդ տեղում է դիտումների թվով։ Դա որոշ չափով հիշեցնում է այն իրավիճակը, երբ խորհրդային ժամանակներում մենք լսում էինք «Ազատություն» ռադիոն կամ «Ամերիկայի ձայնը»՝ իրական, այլ ոչ թե իմիտացիոն (այսօր հենց այդպիսի տեղեկատվություն են առաջարկում արևմտյան լրատվամիջոցները) տեղեկատվություն ստանալու համար։ Հետաքրքիր է նաև, որ եվրոպացիների ինտելեկտուալ հատվածը հավանություն է տալիս Ռուսաստանի քաղաքականությանն ուկրաինական հարցում։ Դրա օրինակներից մեկն է լեհ հասարակության ներկայացուցիչների՝ վերջերս Պուտինին գրած նամակը։
– Այս ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչ կոշտ պայքար է ծավալվում, որի էպիկենտրոնում են Ուկրաինայի հարավարևելյան մարզերը…
Ընդ որում՝ դա Ուկրաինայի մի հսկայական մասն է, եթե հաշվի առնենք, որ հարավարևելյան մարզերում ապրում է մոտ 8 մլն մարդ։ Փաստն այն է, որ այդ մարզերի բնակչությունը չի ցանկանում հայտնվել այն ղեկավարների իշխանության տակ, որոնք այսօր նստած են Կիևում. նրանց, հնարավոր է, վախեցնում է ոչ միայն վերջինների ծայրահեղական հռետորաբանությունը, այլ գուցե նաև բնավ ոչ խարիզմատիկ արտաքինը։ Հասկանալի է, որ Ղրիմի օրինակի կրկնության մասին խոսելու հարկ, համենայնդեպս՝ մոտ ապագայում, չկա։ Բայց կարելի է փաստել հետևյալը. Ուկրաինայի հարավարևելյան շրջաններն այսօր առկախ վիճակում են. դրանք այլևս Ուկրաինայի հետ չեն։ Պետությունից չեն անջատվել, բայց փաստորեն նրա կազմում չեն։ Եվ ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, վերադարձ նախկին վիճակին չի լինի։ Բնութագրական է, որ այս իրավիճակում արդեն կարևոր չէ, թե ով է ուկրաինացի, ով՝ ռուս, քանի որ նրանք համատեղ են ընդդիմանում սեփական ժողովրդին հրետակոծող իշխանություններին։ Մի խոսքով՝ դիվանագիտական շղարշը դեն է նետված, ընթանում է անթաքույց պայքար։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ը կոշտ քննադատության է ենթարկվում իր իսկ վերլուծաբանների, իր իսկ փորձագետների կողմից, ներառյալ անգամ արևմտյան աշխարհի այնպիսի ջատագովները, ինչպիսիք են Ֆուկույաման և մյուսները։ Բոլորը միաձայն պնդում են, որ կառավարման մակարդակն ընկել է և դեմոկրատիան փոխել է հունը։ Մերձավոր Արևելքը, Ուկրաինան այդ նոր քաղաքականության սարսափելի պտուղներն են։
http://golosarmenii.am/article/23773/nastupila-faza-blizhnego-boya%E2%80%A6–