Արամ Հայկազը եւ հայերէնի «բարե»փոխուած ուղղագրութիւնը
1920ականներին ամերիկահայ գրական մթնոլորտը լցուեց շապինգարահիսարցի երիտասարդ Արամ Չէքէմեան-Հայկազի (Հայկազ գրչանունը Եղեռնի օրերին զոհուած եղբօր անունն է) ուշագրաւ պատմութիւններով: Մեր լեզուի ամենապարզ բառերով ստեղծագործող տղայի անվարժ տողերում թաքնուած գրական ձիրքն առաջինը նկատել էր ուսուցիչը՝ Յակոբ Օշականը: Փոքր-ինչ աւելի ուշ նրա առաջին գրութիւնը` դպրոցական մի շարադրութիւն` գրուած Եղեռնի սեւ օրերի մասին, խմբագիր Ռուբէն Դարբինեանը տպագրեց «Հայրենիք»ում: Ճշմարիտ գրականութեան ծարաւի ընթերցողն արագօրէն ճանաչեց գեղեցիկը, ապրուածը, անկեղծը, մաքուրը, եւ Հայկազի քնքոյշ ու պարզ յոյզերի մտերիմ աշխարհում իւրաքանչիւրը փնտռեց-գտաւ իր խաղաղ ու երջանիկ կեանքի երազանքը:
***
Սիրելի՛ Հայկազ, դուն մեզի համար սիրելի գրող ես Համաստեղի եւ Շահնուրի հետ…
Գուրգէն Մահարի
Քու եւ Համաստեղի հանդէպ հիացում կայ Հայաստանի գրողներէն անոնց մէջ, որոնք ծանօթանալու առիթը ունեցած են ձեր գրականութեան…
Բաբկէն Փափազեան
Տարիների ընթացքում Հայրենիքում համակրանք էր ձեւաւորուել Ամերիկայում ստեղծագործող Հայկազի անձի եւ գրական վաստակի հանդէպ, իսկ իր` գրողի համար ստեղծագործելը կարծես դարձել էր մի ճանապարհ, որը թոյլ կը տար «մտնել» մայր հայրենիք, համարուել հայ գրող՝ առանց «սփիւռք» բաղադրիչի: Յոյս էր փայփայում, որ մի օր իր ամբողջական գործը լոյս կը տեսնի մայր հայրենիքում: Սակայն դարձեալ «խորհրդային» հոգեմաշ արգելափակոցները… 1965ին համահայկական գիտակցուած տարերքով Եղեռնի սուգի յիսնամեակի հեղեղը յորդեց աշխարհի բոլոր ծագերը եւ համախմբման կոչեց հայ ժողովրդի ցիրուցան բեկորներին: Ժողովրդային կամքի ու ոգու տարերքը, անշուշտ, վերահսկւում էր… KGB-ի համապատասխան մեթոդներով, թէեւ Հայրենիք-Սփիւռք հոգեւոր համախմբումը կարծէք կայացաւ: Այնուամենայնիւ… Հայկազի գործերը այդպէս էլ չտպագրուեցին «անհասանելի» Հայրենիքում: Ժամանակին Համաստեղը մտորում էր, որ Հայրենիքում իր երկերի չհրատարակման, հետեւաբար եւ այնտեղ ընթերցող չունենալու պատճառը իր դաշնակցական լինելն է: Գուցէ նոյնն էր նաեւ Հայկազի պարագայում, սակայն ինչ էլ որ լինէր, Հայկազին, Սփիւռքում եւ Հայաստանում ապրող հայ մտաւորականներին կամրջում էր Հայրենիքին, հայ լեզուին սատարելու գերխնդիրը, եւ այդ ճանապարհին խամրում էին ե՛ւ կուսակցական գաղափարախօսութիւնները, ե՛ւ նրանց յաւերժական իրերամերժութիւնը…
***
1972ին Հայկազը մի նամակում գրում է. «Ասկէ երեք տարի առաջ Հայաստանէն հետաքրքրուեցան հրատարակելու համար ու խնդրեցին, որ իրենց օգնեմ՝ զանոնք դասաւորելու (խօսքը «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» ինքնակենսագրական հատորն ամբողջացնող պատմութիւնների մասին է – Մ.Խ.): Սիրով օգնեցի։ Բայց բան մը դուրս չեկաւ, երբ վստահաբար գիտեմ, թէ զայն իրենց գիտցած ձեւով “սրբագրելու” պաշտօն տուին մէկու մը, ու այդ մէկը ամիսներով զբաղեցաւ անով։ Կ՚երեւի՝ կը սպասեն, որ մեռնիմ։ Փորձը ցոյց կու տայ, որ աւելի կը սիրեն մեռնողներով զբաղիլ, քան ողջերով…» (Երեւան, Գրականութեան եւ արուեստի թանգարան, Արամ Հայկազի ֆոնդ, թիւ 44):
Նամակներից մէկում էլ Հայկազը գրում է, որ ուրախ կը լինէր, եթէ « «Հայաստանցիք թէկուզ թարգմանէին» (Երեւան, Գրակ. եւ արուեստի թանգարան, Ա. Հայկազի ֆոնդ, թիւ 44) իր գրքերը… Արեւելահայերէն «թարգմանուելը» եւ երկերը անհեթեթ ուղղագրութեամբ տեսնելը նրա ցանկութիւնն ու երազանքը չէր, դա պարզապէս զիջում էր, հեռաւոր ափերում ապրող զաւակի սիրով ու կարօտով Հայրենիք-մօրը փարուած մեծ մարդու զիջումը… Տեղին է աւելացնել, որ այսօր, երբ անկախացած Հայաստանում վաղուց անցել են խորհրդային ուղղագրական պարտադրանքի ժամանակները, ազգային ուղղագրութեան վերականգնման գերխնդիրն այդպէս էլ մնում է չլուծուած…
***
…Հայկազի աչքից չէին վրիպում ովկիանոսի ալիքները ճեղքելով հեռաւոր գաղթօջախներ հասած խորհրդահայ գրքերի եւ մամուլի էջերում առկայծող այնպիսի գործեր, որոնք «Հայու ոգիի» կատարեալ արտայայտութիւններ էին: Նրա հաւաստմամբ՝ Սփիւռքում Չարենցը, Մահարին ու Բակունցն էին ամէնից սիրուածները, իսկ իր ժամանակակից խորհրդահայ գրողների՝ Պ. Սեւակի, Սահեանի, Կապուտիկեանի, Շիրազի, Քոչարի, Դաշտենցի, Էմինի, Նորենցի, Խանզադեանի, Վ. Անանեանի, Մկ. Արմէնի, Ստ. Կուրտիկեանի, Վ. Խեչումեանի՝ Սփիւռքում փնտռուած հեղինակների գործերը, մասնաւորապէս Ստ. Ալաջաջեանի «Եղէգները չխոնարհուեցին» վէպը, հակառակ ուղղագրութեան յարուցած դժուարութիւններին, ձեռքից ձեռք են անցնում:
Թէպէտ Արամ Հայկազի մուտքը, գրակա՛ն մուտքը Հայրենիք անվերջ փակւում էր խորհրդային «երկաթէ» չարաբաստիկ վարագոյրով, այնուամենայնիւ 1969ի աշնանը նա կարողացաւ քաղաքամայր Երեւան ժամանել որպէս զբօսաշրջիկ: Հայաստանի Գրողների Միութիւնում հանդիպեց գրչեղբայրներին, «խոստովանեց», որ տպագիր խօսքով չի կարողանում յարաբերութեան մէջ մտնել հայրենի գրողների հետ, որովհետեւ չի յարմարւում խորհրդային ուղղա-
գրութեանը: «Աւելի դիւրութեամբ կը կարդամ անգլերէն, քան իմ մայրենի լեզուս ըլլալու կոչուած ձեր ուղղագրութեամբ գրուած, ձեր կողմէ ուղարկուած գրքերն ու գրականութիւնը» (Ա. Հայկազ, «Կարօտ», Պէյրութ, 1971): Հայկազը յայտնում է իր տեսակէտը՝ Հայրենիքում ուղղագրական վերադարձ կատարելու, ազգային ուղղագրութիւնը վերականգնելու: Եւ այդ ամէնը՝ արամհայկազեան ոճով՝ նըրբօրէն…
Մարօ Խաչատրեան
«Նոր Յառաջ»