Խորեն Արամունու «Ձնհալ» վեպը

ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող անվանի արձակագիր ու թատերագիր Խորեն Արամունին ընթերցողին է ներկայացրել «Ձնհալ» վեպը, որը կարող է վերագրվել Ցեղասպանության արտացոլման թեմային, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի անդրադարձումներին: Մի թեմա, որը հատկապես վերջին շրջանում շատերին է ձգել դեպի իրեն, շատերին է պարտադրել պատմական իրականության գեղարվեստական կերպարը որոնել ու հաստատել նոր պատումների և դրանց համահունչ ու համարժեք գեղարվեստական-արտահայտչական սկզբունքների և դրսևորումների մեջ: Որքան հեռանում ենք 1915-ի ողբերգական իրադարձություններից, որքան մեղմվում է ցավը, այնքան մեծանում է անհրաժեշտությունը մղվել դեպի պատմական իրադարձությունների հոգեբանական բացատրություններն ու մեկնաբանությունները, մարդկային ճակատագրերի մեջ տեսնել ու արժևորել մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը: Ողբերգություն, որը միայն մահերով ու բռնագաղթով չարտացոլվեց, այլև շատերին զրկեց ազգային նկարագրից ու էությունից, կրոնից ու դավանանքից: Եվ այսօր, հարյուր տարի անց էլ, պարզվում-երևակվում են այդ ողբերդության սրտակեղեք ու դաժան անդրադարձները: Իրավացի է Գաբրիել Գարսիա Մարկեսը, որ գրողն իր ստեղծագործությունը չպետք է վերածի քաղաքական զենքի, այլ իր քաղաքական ու ազգային դիրքորոշումը արտացոլի գեղարվեստի միջոցով: «Առաջին հերթին կարծում եմ, որ գրողի գլխավոր քաղաքական պարտքը լավ գրելն է։ Լավ գրել ոչ միայն իսկական, փայլուն արձակ ստեղծելու իմաստով, այլև՝ իր համոզմունքներին համապատասխան, էլ չասած անկեղծության մասին։ Ինձ թվում է՝ չարժե գրողից պահանջել, որ նա իր գրքերում հանդես գա որպես քաղաքական գործիչ։ Ուզում եմ ասել, որ ճիշտ չէ պահանջել գրողից, որ նա իր ստեղծագործությունը վերածի քաղաքական զենքի, քանի որ եթե գրողն ունի գաղափարական պատրաստվածություն և քաղաքական դիրքորոշում, դա անխուսափելիորեն կարտացոլվի նրա ստեղծագործություններում»: Եվ այսպես էլ առաջնորդվել է գրող Խորեն Արամունին, որի համար այս նոր ստեղծագործությունը բնավ էլ հերթական չէ:
Բազմաժանր և բեղմնավոր է որպես գրող Խորեն Արամունին, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ, որը ստեղծագործում է էպիկական սեռի գրեթե բոլոր ժանրերում, իր ուշագրավ փորձերն անում թատերգության մեջ՝ իբրև գլխավոր ուղղություն ունենալով ավանդական դրամայի սկզբունքը: Գրական հանրության կողմից կողմից հատկապես բուռն ընդունելության արժանացավ գրողի ,,Խաշաթաղ,, վեպը, որն իր կոմպոզիցիայի առանձնայնությամբ, շարադրանքի արտասովորությամբ ուշագրավ իրողություն է արդի վեպի ճանապարհին: Երգիծական վեպն աստիճանաբար բացահայտում է իր ներքին շերտերը, դրամատիկական ուշագրավ լիցքերը և վերածվում թախծոտ ու տխուր երգիծանքի՝ առաջնային դարձնելով ողբերգական ֆարսը…
Միանգամայն նոր գրական-գեղարվեստական իրողություն է «Ձնհալ» , որի նմանը չի եղել մեր ազգային գրականության մեջ: Այս բացառիկությունն առաջին հերթին վերաբերում է վեպի կառուցվածքին, այն ուշագրավ հնարանքին, որն իբրև կառուցվածքի ձև ու սկզբունք է ընտրել գրողը: Խորեն Արամունին հրաժարվել է վիպական արձակի համար բնորոշ ու պարտադիր նկարագրականությունից, հեղինակի ,,ներկայությունից,, և ողջ վեպը կառուցել երկխոսությունների վրա՝ այս երկխոսությունների միջոցով ձևավորելով դիպաշարային ընթացքն ու պատումնային ամբողջականությունը: Երկխոսությունը՝ իբրև հերոսների փոխհարաբերությունների և ինքնարտահայտման ձև ու միջոց, բնորոշ է դրամային, որտեղ գործող անձի կողմից ներկայի մեջ արտասանվող խոսքն ընկալվում է որպես կառուցվածքային միավոր: Նկարագրությունները, խոհն ու հուշը ներկայացվում են ոչ թե հեղինակային միջնորդավորմամբ, այլ հենց գործող անձի կողմից: Խորեն Արամունին այս վեպում ևս դիմել է այդ ձևին, սակայն բացառել դրամայի համար չափազանց կարևոր ու անհրաժեշտ հեղինակային միջնորդությունը՝ ռեմարկը՝ գործողություններն անգամ վերապահելով երկխոսություններին: Ուրեմն, բարդ խնդիր է դրել իր առջև գրողը և հասել այդ խնդրի ուշագրավ լուծմանը և արձանագրել գեղարվեստական մի նոր իրողության ծնունդ մեր գրականության մեջ:
Հենց վեպ-երկխոսությունների սկզբունքն էլ առիթ է տվել գրողին որոշակիորեն մոտենալու դրամատիկական վեպի սահմաններին, փորձել ներհյուսելու դրամատիկական վեպի ժանրային ձևը վեպ-երկխոսությունների ձևին և յուրովի լուծելու վեպի ժանրաձևային մոդեռնացման խնդիրները, որոնք այսօր կանգնած են համաշխարհային գրականության առջև: Խորեն Արամունուն հաջողվել է վեպի համար բնորոշ մենախոսական հարթությունների կողքին կառուցել երկխոսություն-գործողությունների ինքնահատուկ հարթություններ, որոնք էլ Դոստոևսկու պոլիֆոնիկ վեպի տեսությունը դնում են միանգամայն նոր ելակետերի շրջանակների մեջ՝ ձևը դարձնելով որպես բովանդակության մատուցման նպատակային միջոց և հնարանք: Արամունին հրաժարվել է 20-րդ դարի վիպական գրականության համար բնորոշ դարձած պատրանք-իրականություն անցումախաղայնությունից, ինչին նաև կարող ենք կաֆկայական կոմպոզիցիա բնութագիրը տալ և վիպական կոմպոզիցիան ամբողջապես հենել ,,դեկորացիաների,, փոփոխության սկզբունքի վրա՝ առավելապես մղվելով դեպի հերոսների ներաշխարհների բացահայտումները, հոգեբանական խնդիրների արծարծումները:
Խորեն Արամունու «Ձնհալը» վեպի գործողությունները կատարվում են մեր օրերում՝ Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում: Ցեղասպանությունը նկարագրող որևէ դրվագ ու հիշողություն չկա, չկան արյունալի տեսարանների նկարագրություններ, սակայն վեպի ,,գլխավոր հերոսը,, Ցեղասպանությունն է, որովհետև նա է ծնել հոգեբանական կոնֆլիկտները, նա է դարձել գործող անձերի միջև ձևավորված հակամարտությունների շարժառիթն ու պատճառը, խոչընդոտներ ծնողը: Ցեղասպանությունից հետո փրկվածները, որոնք մնացին Թուրքիայում, իրենց գոյությունն ապահովելու համար ստիպված եղան թրքանալ,դառնալ մուսուլման: Եվ այսօր Թուրքիայում քիչ չեն մահմեդականացած հայերը, որոնցից ոմանք արդեն վերադառնում են իրենց ակունքներին, բացահայտում են իրենց մեջ նստած հային, ջանքեր են գործադրում դարձ ապրելու դեպի քրիստոնեություն: Խորեն Արամունու վեպի առանցքում այս խնդիրն է, դարձի գաղափարն է, որի առանցքում հայտնվում է Սուսան-Սյուզին, թուրք հորից և հայությունը պարտակած մորից սերված աղջիկը, որն ապրել է հայերի հանդեպ ձևավորված ատելությամբ՝ հպարտանալով իր թուրքական ծագմամբ, իր մահմեդականությամբ: Մայրն իր համար միշտ Գյոզալ է եղել և թրքուհի, շրջապատում թուրքականությունն է եղել իշխողը: Ու հանկարծ Սուսան-Սյուզին հանդիպում է հայ զբոսաշրջիկների և հայ վարդապետի, որոնք էլ առիթ են դառնում բացահայտելու մոր մեծագույն գաղտնիքը, Գեղուհու փոխակերպումը Գյոզալի: Հոգեկան մեծ կորով և ուժ էր պետք Սյուզիի համար՝չկոտրվելու, չընկնելու, չհրաժարվելու մորից, որն աշխարհում միակ հարազատն էր իր համար: Գերագույն ճիգեր գործադրելով՝ նա համակերպվում է մոր հայ լինելու իրողությանը, սակայն մահվան համազոր էր այն գիտակցումը, որ ինքը կիսով չափ հայ էր, որ պատկանում էր մի ժողովրդի, որի հանդեպ միշտ ատելություն է եղել: Առավել ծանր էր գիտակցելը, որ իրեն հանդիպած վարդապետը գրեթե մորեղբայրն էր… Գրողը, չբավարարվելով այս հայտնությամբ, Սուսան-Սյուզիին տանում է Միացյալ Նահանգներ, որտեղ նա սիիրահարվում է հայ տղայի, որի ընտանիքի համար ևս անընդունելի էր թուրքի ներկայությունն իրենց միջավայրում, քանզի ողջ էր Կարենի մեծ մայրը, որը Ցեղասպանության հիշողություններով ապրող ծնողների զավակ էր, որն ապրելով Խորհրդային Միությունում՝ անցել էր տառապանքի ճամփաներով, հայտնվել Ալթայի երկրամասում, ապա եկել Միացյալ Նահանգներ՝ հեռանալու ծանր հիշողություններից…
Իրադարձությունների և դրանց հոգեբանական շերտերի ու ներքնաշերտերի բացահայտումներն են դարձել Խորեն Արամունու հետազոտման նյութը, ուստի գրողի ստեղծած երկխոսություններն ու մենախոսությունները հուզական մեծ լիցքեր են պարունակում իրենց մեջ, այդ ամենի շնորհիվ ամբողջացնում կերպարները, որոնցից յուրաքանչյուրն ավարտուն է, գեղարվեստորեն ամբողջական: Դժվար է գործող անձի ,,խոսքային դրսևորումներով,, ստեղծել նրա կերպարը, առանձնացնել կերպարային բնութագրիչները: Սակայն Խորեն Արամունու հաջողությունն առաջին հերթին սա է՝ կերպարային-բնութագրական խոսքային երանգների միջոցով հասնել կերպարի ձևավորմանը, նրա բնութագրի առանձնակիությանը: Վեպում ամենաամբողջականն ու բարդը Սուսան-Սյուզիի կերպարն է. նա ենթարկվում է հոգեբանական փլուզումների, ապրում հուզական պոռթկումներ և տարուբերումներ, մերթ տատամսում ու երկնչում, մերթ դառնում համառ ու վճռական… Երբեմն կերպարը ձեռք է բերում ողբերգական ընդգծվածություն, երբ անելանելիությունն է հառնում նրա առջև, պարտադրում կռվել սեփական ճակատագրի և իրավիճակների դեմ: Սուսան-Գյոզալ, Սուսան-Վարդապետ, Սուսան-Կարեն հարաբերություններն են նպաստում կերպարի բոլոր շերտերի յուրովի մատուցմանը, այն հոգեբանական կերպարանափոխությանը, որը դառնում է կերպարի գերխնդիրը, ամեն ինչ ենթարկում իրեն: Հենց կերպարանափոխումն էլ ինքնատիպ ընթացք է հաղորդում կերպարի էվոլյուցիային, գրական կերպարը դիտարկում հուզական և հոգեբանական բազամազանությունների և հակադրությունների մեջ: Սուսանն ապրում է բոլորի մեջ, սակայն միայնակ է, զատված բոլորից, որովհետև նա դեռ չի կարողանում պարզել իր ինքնությունը, գտնել ճակատագրական այն հարցի պատասխանը, թե ով է ինքը, ի վերջո ո՞ր ազգության ներկայացուցիչն է: Հայ լինելը վիրավորական է նրա համար, որովհետև այսպես նա դավաճանում է իր թուրքական ինքնությանը, սակայն նա այլևս չի կարող իրեն լիարժեք թուրք համարել, որովհետև մայրը հայուհի է, որովհետև իր մեջ սկսել է խոսել իր համար միշտ թշնամի և օտար համարվող ժողովրդի ձայնը: Ի վերջո տեղի է ունենում այն «ձնհալը» , որի հայտնությունը որքան անսպասելի, նույնքան էլ տրամաբանական է: Այս յուրատեսակ «ձնհալն» ապրում են նաև Կարենը, նրա հայրն ու մեծ մայրը, որոնք աստիճանաբար սկսում են հասկանալ. Սուսան-Սյուզիին, թափանցել այն մեծ ողբերգության մեջ, որը Սուսանինը լինելով՝ շատերինն է: Գործող անձանց Սուսանի հանդեպ «դիրքավորելիս» Խորեն Արամունին առանձնացնում է Կարենին, նոր սերնդի ներկայացուցչին, որը Սուսանին նայում է ոչ թե նրա ազգային պատկանելության, այլ սիրո հյայացքով, կարծես պատրաստ հաշտվել այն մտքի հետ, որ իր սիրած աղջիկը թրքուհի է: Սա էլ յուրատեսակ հաշտեցում է, որովհետև նոր սերունդը չի ցանկանում ընկալել պատմական ողբերգությունը, հայ-թուրք հակամարտությունը: Սա անցյալի հիշատակների ժխտումը չէ, այլ մի նոր իրավիճակի հաստատում, երբ անցյալի արժևորումը չջնջելով երբեք՝ պիտի գալ դեպի ժամանակի հայեցակարգերը, բարոյական այն հաշտեցումը, առանց որի աշխարհը կվերածվի աններդաշնակ խճողվածքի: Ահա այստեղ է գրողի քաղաքական հայացքը, որը երբեք ճակատային դրսևորում չի ստանում, այլ յուրովի անդրադարձվում է հերոսների համոզմունքներում՝առանց գաղափարաբանական շեշտավորումների:
Որքան էլ իր կառուցվածքով, վիպական կոմպոզիցիայի ինքնատիպությամբ Խորեն Արամունու «Ձնհալ» վեպը նորություն է մեր գրականության մեջ, այնուհանդերձ կերպարաստեղծման ընթացքում գրողը հավատարիմ է մնացել վիպական-դրամատիկական կերպարների ստեղծման ավանդական միտումներին՝ մղվելով դեպի հոգեբանական արձակը, այդ արձակին բնորոշ կերպարակառուցման ավանդույթը: Կերպարների «ավանդական կոնստրուկցիան» օգնում-նպաստում է առաջին հերթին հերոսների հոգեբանական բնութագրերի ամբողջացումներին, իրականություն-հոգեվիճակ համադրումներին, որոնք գրողի ուրույն ձեռքբերումն ու հաջողությունն են: Այս առումով պետք է առանձնացնել Գյոզալ-Գեղուհուն, իր ողջ կյանքում հայության ճիչն իր մեջ խեղդած կնոջը, որը միշտ էլ հարմար առիթ է փնտրել՝ իր մենիկ աղջկան ճշմարտությունը ներկայացնելու համար: Այդ առիթը ներկայանում է, երբ Սուսանը պատմում է, որ հանդիպել է հայ զբոսաշրջիկների, որ նրանց մեջ եղել է Հայր սուրբը: Կարծես արյան կանչն է արթնանում, ճակատագրական նախախնամությունը պարտադրում է Գյոզալին խնդրել աղջկան՝ իրենց տուն հրավիրել հայ հոգևորականին, որը Գյոզալի արյունակից հարազատն էր: Գրողը հետաքրքիր է ներկայացնում Գյոզալի ապրումներն ու տառապանքը, այն մեծ ցավը, որի մեջ շուլալված ապրել է՝ վախենալով բացահայտել իր ինքնությունը: Տասնամյակներ շարունակ նա ցանկացել է ճչալ, գոռալ, որ հայ է, որ իր ազգային պատկանելությունն իր հպարտությունն է: Սակայն անգամ Հայր սուրբի հետ հանդիպման ժամանակ խոսում է ափիբերան՝ վախենալով, որ հարազատ դուստրն իրեն չի հասկանա, որ շրջապատի թուրքերն իրեն կատեն: ԵթեԿարենի մեծ մոր համար հայ լինելը հպարտություն է, անգամ՝ երջանկություն, ապա Գյոզալի համար տառապանք է եղել, ցավ ու վիշտ, բայց ոչ երբեք խարան, որովհետև ապրելով ատելության մեջ՝ նա իր ներսում, իր էության մեջ չի դավաճանել իր արյանն ու իր հոգու հայրենիքին, իր լեզվին: Կարենի, նրա հոր, Հայաստանում և Միացյալ Նահանգներում ապրող հայերի համար անհասկանալի է մահմեդականացած հայ ,,ֆենոմենը,, , անհասկանալի են այն ապրումները, որոնք տանջում են Սուսանին, որն այս դեպքում հայության մի ողջ հատվածի խորհրդանիշն է դառնում, կերպար-բողոք և կերպար-ընդվզում: Սակայն գրողն աստիճանաբար գտնում է հաշտեցման ճանապարհը՝ ներկայացնելով այն մեծ ողբերգությունը, որը բաժին էր հասել Գյոզալին և մյուսներին: Վեպի առաջին մասը պայմանականորեն կարող ենք «Գյոզալ» կոչել, որովհետև այստեղ գրողի խնդիրն է եղել առաջնային դարձնել հենց Գյոզալ-Գեղուհու ճակատագիրը, նրան դարձնել բոլոր մահմեդականացած հայերի հավաքականությունն ու խորհրդանիշը: Խորեն Արամունին կերպարը մատուցում է նուրբ ապրումների, ուշագրավ ներսուզումների մեջ, կարևորում հոգեբանական ուրույն շրջադարձերը, որոնց մեջ հայտնվում է Գյոզալ-Գեղուհին:
Խորեն Արամունու «Ձնհալ» վեպը թեմայի ուշագրավությամբ և առանձնակիությամբ ևս մեր գրականության մեջ եզակիներից մեկն է, հետևաբար այն գեղարվեստական հիմնավոր արժեք ներկայացնելուց զատ, շոշափում է արդիական և բարդագույն մի խնդիր, որը հետայսու կապակցվելու է Ցեղասպանության պատմությանն ու իրականությանը:
Լևոն Մութաֆյան