Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում կայացավ մայիսի 28-ի տոնակատարությունը

Առաջին հանրապետության տոնի առթիվ գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ հուշահամալիրում: Այստեղ էին ժամանել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր ոչ միայն տեղի, այնպես էլ հարեւան մարզերի համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից:

Ապարանի հրապարակից բազմությունը ոտքով շարժվեց դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Նախ այցելություն կատարվեց Արցախյան ազատամարտին զոհ գարձած ապարանցիների շիրիմներին: Այնուհետեւ մասնակիցներն ուղեւորվեցին դեպի
զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանոց եւ հերոսի շիրիմը պատեցին ծաղկեպսակներով:

Տոնախմբության հանդիսավոր մասը կայացավ հուշահամալիրի բարձունքում: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի բացման խոսքից հետո իր օրհնանքը հղեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Պռոշյանը:

Ներկաներին շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: «1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պատմության մեջ կարեւորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն, որին ծնունդ տվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը: Դարերի ընդմիջումից հետո իրականացավ մեր նախնիների, պապերի ու հայրերի երազանքը. վերականգնվեց հայոց անկախ պետականությունը»,-ասաց նա եւ միասնականության կոչ արեց բոլորին, քանզի բոլոր ժամանակներում հաղթանակը մեր ժողովրդինն է եղել՝ զուտ միասնականության եւ համախմբվածության շնորհիվ:

Հայոց պատմության մեջ 1918 թվականի մայիսին ծավալված ռազմական գործողությունների եւ այդ իրադարձություններիում Բաշ-Ապարանի հերոսամարտի պատմական կարեւորության մասին գնահատականներ հնչեցին նաեւ մյուս ելույթներում:

Տոնակատարությունը շարունակվեց զինվորական շքերթով, հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, երաժշտական համույթների կատարումներով, երգ ու պարով, երաժշտությամբ: Ներկաները հաճույքով օգտվեցին նաեւ ապարանցիների կողմից իրենց մատուցված
բացօթյա հյուրասիրությունից:

http://armenpress.am

Scroll Up