«Deutsche Welle». շանսոնի վարպետ Շառլ Ազնավուրը.NEWS.am

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Սյուզանա Քորդսի հոդվածը, որը հրապարակվել է «Deutsche Welle»-ում:

Երկարամյա լեգենդ Շառլ Ազնավուրն ամենահայտնի ֆրանսիացի շասոնյեն է եւ, հնարավոր է, Հայաստանի ամենահայտնի զավակը: Մայիսի 22-ին Բեռլինում նա տոնում է իր 90-ամյակը: Նրա հասակում շատերն արդեն թոշակի են անցել, սակայն Ազնավուրը չի կարող առանց համերգների: Վերջերս նա  նոր ալբոմ թողարկեց եւ աշխատում է Բրոդվեի շոուի համար ստեղծագործություններ է պատրաստում: 2014թ.-ին 30 համերգ է ծրագրված:

Ամեն առավոտ Ազնավուրն իջնում է Լոզանում գտնվող իր տան նկուղ եւ ստեղծագործում: Նա պարզապես երգեր չի գրում սիրո մասին: Վերջին երգը մարդկանց մեջ փողոց դուրս գալու ցանկություն է առաջացնում, ուղղում այն մտքին, որ մարդիկ, ուր էլ որ գտնվեն, պետք է բողոքեն, երբ երեւույթներն անընդունելի են դառնում:

Հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ճաշկերույթի ընթացքում նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնեց, որ նրա օգտին չի քվեարկել: Օլանդը սրան հանգիստ վերաբերվեց: Վաղուց Ազնավուրը արտահանման հիթ է. նա այս դերն ընդունել է եւ ասում է. «Այսպես, ո՞վ է արտացոլում Ֆրանսիան: Հրաշալի կանայք, դերասանուհիներ եւ ես. Երբ պետք է ինչ-որ բան ներկայացնել, ես պետք է այնտեղ լինեմ»:

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է Փարիզում 1924թ.-ի մայիսի 22-ին հայ փախստականների ընտանիքում: Հայրը երգիչ էր, մայրը՝ դերասանուհի: Առաջին թատերական ներկայացումը 9 տարեկան հասակում էր ներգաղթյալների թաղամասում, որտեղ անցել է նրա մանկությունը:

1.61 մետր հասակով մարդը  եվրոպական երաժշտական աշխարհում գագաթնակետի է հասել: Աշխարհահռչակ երգչուհի Էդիտ Պիաֆն օգնել է նրան առաջ ընթանալ եւ մասնակցել 1946թ.-ի շրջագայություններին: Այդ պահից ի վեր նրա կարիերան մեկ գագաթնակետի չէ, որ հասել: «Ես չգիտեմ, լավ երգիչ եմ, թե վատ՝ դասական իմաստով,- մի անգամ ասել է Ազնավուրը:- Ձայնի գեղեցկությունից ավելի կարեւոր է դրա արտահայտչականությունը եւ այն, թե ինչպես է մարդը ներկայացնում երգը: Իմ երգերում միշտ փորձել եմ պատմել անձնական պատմություններ»:

70-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը մոտ 100 ալբոմ է թողարկել, դուետներ Պլասիդո Դոմինգոյի, Էլթոն Ջոնի, Լայզա Մինելիի եւ այլոց հետ: 1998թ.-ին ԱՄՆ-ում նրան ճանաչեցին «Դարի էստրադային երգիչ»:

Մի պահ նա սիրում էր հպարանալ իր հարստությամբ, վարում էր «Rolls Royce»: 1967թ.-ին նրա ամուսնությունը Ուլլա Ինգեգերդ-Տորսելի հետ թվով երրորդն էր: «Նրան հարկավոր չէր գլամուր, ընդունելություններ: Նա ինձ հետ է բերում փաստերին, երբ թույլ եմ տալիս ստեղծագործական ամբիցիաներին դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է նա: Այսօր նա էներգիա խնայող մեքենա է վարում, ավելի շատ տնտեսում է, նա նշում է, որ ի վերջո պետք է մտածի թոռների մասին:

Ազնավուրն իր հռչակն օգտագործել է իր ծնողների հարազատ երկրի աջակցության համար: «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը միլիոններ է հավաքել բարեգործության համար: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նրան Պատվո լեգիոնի սպայի կոչում է շնորհել: 2008թ.-ին նա Հայաստանի քաղաքացիություն ստացավ, 2009թ.-ից Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ ՅՈւՆԻՍԵՖ-ում: Երեւանում նրա անունը կրող մշակութային կենտրոն է գործում:

NEWS.am

Scroll Up