Գյուղաբնակ երիտասարդությունը` միջազգային ծրագրի թիրախ
Եվրոպական երիտասարդական կազմակերպությունները տարբեր մեթոդներ են օգտագործում`ընդլայնելու երիտասարդնության դերը քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործում: Սակայն այս գործընթացը համեմատաբար պասիվ է գյուղական վայրերում: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), գյուղական երիտասարդությանն ակտիվացնելու նպատակով, մայիսի 12-ից 19-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «Youth work outside» միջազգային ծրագիրը, որին մասնակցեց Հայաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի և Գերմանիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակական նախաձեռնությունները տեղի են ունենում մեծ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում: Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնեց այս ծրագիրը` ակտիվացնելու հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Այն յուրահատուկ հարթակ էր տարբեր ազգությամբ երիտասարդների համար` միջազգային և միջմշակութային կապեր հաստատելու, ընդլայնելու երիտասարդների հնարավորությունները` ակտիվ մասնակցություն ունենալու սոցիալական և քաղաքական խնդիրների լուծմանը»,- նշեց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:
Ծրագրի 6 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կյանքի մասին իրենց տեսլականը, շփվելու պոտենցիալ գործընկերների հետ և մշակելու ծրագրեր` համատեղ իրականացնելու համար: Մասնակիցներն այցելեցին Արագածոտնի և Արարատի մարզերում գործող Երիտասարդական ակումբների դաշնության անդամ կառույցների գրասենյակներ, ծանոթացան Հայաստանի մարզերում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններին, հանդիպեցին գյուղաբնակ երիտասարդների, տեղում քննարկեցին առկա խնդիրները`հասկանալու և հետագայում տարբեր ծրագրերի օգնությամբ դրանք վերացնելու նպատակով:
«Մենք մեր հետագա ծրագրերում կօգտագործենք գյուղաբնակ երիտասարդությանը բոլոր մակարդակների որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու մեթոդները, որոնք օգտագործում են մեր եվրոպական գործընկերները, և որոնք մենք մշակեցինք սույն
ծրագրի ընթացքում», – ծրագրի ամփոփման խոսքում ընդգծեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Խորհրդանշական է, որ Հայաստանում գտնվելու այս օրերը համընկան ԽՍՀՄ-ում տոնվող «Պիոներների օրվան»: Ես հիշում եմ, երբ իմ ծնողները պատմում էին, որ ճանապարհորդում էին իրենց մեծ հայրենիքով` ԽՍՀՄ-ով: Հատկանշական է, որ այսօր բոլորս համախմբվել ենք Հայաստանում, բայց արդեն եվրոպական ծրագրի շրջանակում, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ»,-ասաց Լատվիայի ներկայացուցիչ Արմանդս Լազդինսը:
Ծրագրի ընթացում մասնակիցները, բացի գործնական և ուսուցողական դասընթացներից, կազմակերպեցին նաև միջմշակութային երեկոներ, այցելեցին Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, ծանոթացան Հայաստանի հազարամյա ժառանգությանը` խոստանալով հավիտյանս պահել Հայաստանի մասին իրենց տպավորիչ հիշողությունները: