Հայաստանում Հունաստանի դեսպանը հույս ունի, որ Երեւանի եւ Աթենքի միջեւ հարաբերությունները կամրապնդվեն.NEWS.am

Հայաստանն ու Հունաստանը կապված են վաղեմի համագործակցությամբ եւ ժողովուրդների միջեւ սերտ հարաբերություններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  Հայաստանում Հունաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տագիսը:

Դեսպանի խոսքով՝ անցյալում մի շարք երկկողմանի այցեր են տեղի ունեցել, որոնք նպաստել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: «Եվ մենք հույս ունենք, որ սա կշարունակվի նաեւ ապագայում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ընդգծել է Իոաննիս Տագիսը:

Անդրադառնալով այն հարցին, թե ծրագրվում են արդյոք հունական կողմից բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ, դեսպանը նշել է, որ այս պահին չի կարող հստակ որեւէ բան նշել, քանի որ դեռ ոչինչ հաստատված չէ: «Սակայն վստահ եմ, որ հայ եւ հույն բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցեր տեղի կունենան»,- ասել է Իոաննիս Տագիսը: Դիվանագետը հավելել է, որ փորձեր են ձեռնարկվում զարգացնելու երկկողմանի առեւտրական հարաբերություններ, ինչը կարեւոր է երկու երկրների համար:

Վերջում Իոաննիս Տագիսը հայտարարել է հայ ժողովրդի հանդեպ համակրանքի մասին, որը բազում նմանություններ ունի հույների հետ, եւ մեր ժողովրդին ցանկացել է խաղաղություն ու բարգավաճում:

NEWS.am

Scroll Up