Օպերային թատրոնը՝ մանկատներին
Ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի աջակցության հիմնադրամն ու թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Երեխաների պաշտպանության միջագային օրվան ընդառաջ՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի մանկատների սաներին կներկայացվեն հարուստ հայտագրեր՝ կազմված օպերային և բալետային ներկայացումների հատվածներից: Այս նախաձեռնությանն արձագանքել են Շիրակի և Լոռու մարզպետարանները, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները: Մայրաքաղաքից հեռու ապրող ու ծնողներից զրկված երեխաները հնարավորություն կունենան իրենց կյանքում առաջին անգամ ունկնդրելու օպերային արիաներ և զուգերգեր, տեսնելու բալետային կատարումներ, որոնք նրանց համար կունենան ճանաչողական արժեք և նշանակություն, նրանց կկապեն դասական արվեստի հետ:
Բարեգործական նպատակներով կազմակերպվող համերգներին զուգընթաց՝ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի և նրան աջակցող մի խումբ գործարարների միջոցով մայիսի 15-ին արդեն Վանաձորի մանկատան սաները կստանան որոշակի գումարներ՝ անհրաժեշտ գույք և պարագաներ ձեռք բերելու համար: Նույնպիսի առաքելություն կիրականացվի նաև Գյումրիում և Երևանում: Անդրանիկ Արզումանյանն ու Հիմնադրամի տնօրինությունն իրենց այս բարեգործությունը բացատրում են ընտանեկան ջերմությունից և ծնողական խնամքից զրկված երեխաների հանդեպ իրենց սիրով, երեխաներին աջակցելու անհրաժեշտությամբ: Նրանք վստահ են, որ մանկատների սաներին ուրախություն պարգևելուց զատ՝ նախադրյալներ կստեղծեն մեծ բարեգործությունների համար:
Թատրոնի և Հիմնադրամի տնօրինությունները նաև ժամանակ առ ժամանակ Երևանյան մանկատների սաների համար կկազմակերպեն բարեգործական ներկայացումներ, հանդիպումներ օպերայի և բալետի անվանի վարպետների հետ:
Լ. Մ.