Բրյուսելի ՀԱՅՔ պարախմբի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Արթուր Նիկողոսյանի շնորհակալական նամակը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին

Մեծարգո նախարար,

Թանկագին տիկին Հրանուշ Հակոբյան,

Իմ և Բրյուսելում 15 տարուց ի վեր գործող ՀԱՅՔ պարախմբի բոլոր անդամների անունից հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը, մեծ սիրով ու ջերմությամբ լի շնորհակալական խոսքը՝ Ձեզ և Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմին, այն պարգևի ու նվերի համար, որ շնորհեցիք ինձ, ՀԱՅՔ պարախմբին ու իմ բազմամյա մշակութային գործունեությանը:

2014 թվականի ապրիլի 13-ին Բրյուսելի հայկական պարերի ՀԱՅՔ պարախումբը ներկայացրեց իր բացառիկ համերգային ծրագիրը «ՀԱՅՈՑ ԳՐԵՐ, ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐ» խորագրով՝ նվիրված հայոց այբուբենին ու հայ ազգի մեծանուն գործիչներին: Անմոռանալի ու անսահման հուզումնալից պահեր ապրեցի, իմ ու բոլորիս համար մեծագույն պատիվ էր պարգևատրվել մեր հայրենի երկրի կողմից ոսկե մեդալով: Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական Հրաչյա Հովհաննիսյանի կողմից տրված այդ պարտավորեցնող նվերի շնորհիվ ես կրկին ձեռք բերեցի իմ հայրենիքն ու երկիրը, նրա շունչն ու հավերժությունը: Արվեստը չունի սահմաններ և համախմբում է մեզ բոլորիս:

Ձեր գնահատականն ու թանկագին նվերը մեզ՝ սփյուռքում ապրող ու հանուն հայապահպանման գործող հայերիս սատարելու ու քաջալերելու վառ վկայությունն է:

Կրկին երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցին, ՀՀ  դեսպանության խորհրդական Հրաչյա Հովհաննիսյանին, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Անահիտ Հարությունյանին և բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ինչ-որ առումով առնչվել են այդ պատվաբեր գնահատանքին ինձ ու իմ սիրելի պարախմբին արժանացնելու համար:

Խորին հարգանքով ու երախտագիտության ամենապայծառ զգացումներով՝

Արթուր Նիկողոսյան

Գեղարվեստական ղեկավար, պարուսույց

Բրյուսել

Scroll Up