Պատգամավորները քեսաբահայերի առաջնային աջակցությունը համարում են ֆինանսական օգնությունը
Օրերս Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել ու յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել` ըստ կարիքների: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչի կարիք ունեն այս պահին Լաթաքիայում հաստատված քեսաբահայերը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ առաջնայինը ֆինանսական միջոցներով նրանց ապահովումն է: «Այս պահին առաջնային աջակցությունը կարող է լինել ֆինանսական օգնությունը: Լաթաքիան ակտիվ գործող քաղաք է, այնտեղ կյանքը նորմալ ընթացքի մեջ է, և մարդիկ, եթե գումար ունենան, կարող են ամեն ինչ ձեռք բերել»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ այս պահին աջակցություն կա, բայց որքան այնտեղ երկար մնան, գումարի կարիքն ավելի շատ կլինի: «Այս պահին կան գործող հիմնադրամներ, կարծում եմ՝ առաջիկայում կլինի հայտարարություն նոր հիմնադրամների ստեղծման մասին, որոնք դրամահավաք կիրականացնեն և Բեյրութի ճանապարհով օգնությունը մեր հայրենակիցներին կտրամադրեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով` այս պահին քեսաբահայերի կացարանի հարցը ժամանակավորապես լուծված է, և այժմ նրանք երազում են Քեսաբ վերադառնալու մասին: «Նրանք ասում են, որ եթե նույնիսկ մեկ-երկու ամիս պետք լինի, իրենք կքնեն քնապարկի մեջ, միայն թե հետո վերադառանան Քեսաբ: Սնունդն ապահովվում է, համայնքը, եկեղեցին տարբեր պայմաններ են ստեղծում: Պարզապես ուշ թե շուտ առաջանալու է երեխաների դպրոցի խնդիրը: Այսօրվա դրությամբ ամենաարագ օգնությունը գումարն է, իսկ հետագայի համար պետք է քննարկել ու սցենար-սցենար մտածել ու ըստ կարիքների օգնություն տրամադրել»,-նշեց Թևան Պողոսյանը:
Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ` մոտ 320 հայ ընտանիք օգտվում է սնունդից, առաջնային անհրաժեշտության պարագաներ են ստանում ներկայում Լաթաքիայի հայկական եկեղեցուց:
Քեսաբահայերի հետ հանդիպած պատգամավորների խոսքով` Քեսաբ վերադառնալու և այն նորից ծաղկեցնելու հույսով են մարդիկ լցված: «Նրանք հասկանում են, որ Քեսաբ վերադառնալու պարագայում իրենց տնտեսությունն այն նույն վիճակում չի լինի, ինչ իրենք թողել են: Նրանք խնդրում են, որ մենք` Հայաստանի Հանրապետությունը, հայկական սփյուռքը հետագայում ամեն կերպ աջակցենք նրանց տնտեսությունը վերականգնելու համար»,-ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով սեփական նախաձեռնությամբ Սիրիա մեկնելու և քեսաբահայերին տեսակցելու մասին` Թևան Պողոսյանը նշեց, որ գնալ, տեսնելը շատ կարևոր էր, ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլև նրանց օգնելու հետագա քայլեր մշակելու առումով: «Մենք որոշեցիքն գնալ, փաստեր հավաքել և հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ ամենի հիման վրա առաջարկությունների ցանկ մշակել, որ Հայաստանը կարողանա տեր կանգնել ցանկացած երկրում վտանգի մեջ հայտնված հայերին»,-ասաց պատգամավորը` հույս հայտնելով,
որ քեսաբահայության շուրջ համախմբված հայությունը կկարողանա հասնել նրան, որ Քեսաբը կվերադարձվի հայերին, ու էլ երբեք տեղահանության խնդիր չի առաջանա:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: