Ֆրանսահայերի կազմակերպությունը համաեվրոպական դրամահավաք է սկսել քեսաբահայությանն օժանդակելու համար

Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Սիրիայի Քեսաբ քաղաքի տեղահանված հայությանն օժանդակելու նախաձեռնություն է սկսել ֆրանսիայում գործող «Երկիր և Մշակույթ» կազմակերպությունը՝ սկսելով դրամահավաք: «Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն Քեսաբի թեժ կռիվները: Մինչև տեղահանված ժողովուրդը կարողանա վերատիրանալ իր ունեցվածքին, անհրաժեշտ է նրանց օժանդակություն հասցնել: Կոչ ենք անում Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների հայերին՝ աջակցելու քեսաբցի իրենց հայրենակիցներին և մասնակցելու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հանգանակությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ: Գումարները պետք է փոխանցվեն Լաթաքիայի հայ Ազգային իշխանություններին, ովքեր զբաղվում են հայ գաղթականությանը օգնության մատակարարմամբ:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

 Մանրամասն՝ armenpress.am-ում:

Scroll Up