Հայ պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ
Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանը նախագահ Ասադին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ Նախագահն իր և հայ ժողովրդի անունից դատապարտել է Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը Քեսաբ և Լաթաքիայի շրջանի գյուղեր, և շնորհակալություն է հայտնել Սիրիայի կառավարությանը՝ հայ ժողովրդի պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։
«Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել մեր հայրենակիցների շուրջ ստեղծված իրավիճակին: Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն և՛ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, և ՛ տպավորությունները, և՛ մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները կներկայացնենք հանրապետության Նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին և կներկայացնենք այլ մանրմասներ»,- տեղեկացրեց պատգամավորը։
Ըստ սիրիական SANA գործակալության՝ Բաշար ալ Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ գնահատելով նրա դիրքորոշումը Սիրիայում կայունության հաստատման հարցում, և զգուշացրել ահաբեկչական վտանգի մասին, որն Արևմուտքի ու տարածաշրջանի որոշ երկրների կողմից աջակցություն է ստանում շրջանում։
Նրա խոսքով՝ այդ ահաբեկիչներ փորձում են մասնատել երկիրը, որն իր պատմության ընթացքում տարբերվել է իր մշակութային և հասարակական կյանքով։ Նա հայ պատգամավորներին կոչ է արել այս վտանգի մասին խոսել բոլոր խորհրդարանական ամբիոններից և միավորել իրենց ուժերը դրան դիմագրավելու համար։
ՀՀ ԱԺ պատգամավորները խաղաղության և կայունության հաստատման հարցում իրենց զորակցությունն են հայտնել Սիրիայի կառավարությանը, որպեսզի ապահովվի տեղահանվածների վերադարձը Քեսաբ և այլ շրջաններ։ Նրանք վստահություն են հայտնել, որ Սիրիան առաջվա պես օրինակ կհանդիսանա տարբեր մշակույթների համակեցության համար։
Մանրամասները՝ tert.am կայքում: