Նիդերլանդների հայտնի գործիչները կոչ կհղեն աշխարհին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստում է մի շարք խորհրդանշական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը, իրենք իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները համապատասխանեցրել են Եվրոպայում գործող Հայ դատի մյուս հանձնախմբերի հետ: «Փոխանակվել ենք առաջարկություններով, ու մի շարք գործողություններ կան, որ միասին պետք է անենք»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Նրա տեղեկացմամբ` Նիդերլանդներում իրենք պատրաստվում են ստեղծել մի տեսահոլովակ, ուր հայտնի հոլանդացիները կոչ կանեն աշխարհին, որ իրենց ջանքերը ներդնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նիդերլանդները սկզբունքորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մյուս մեր նախաձեռնությունն այն է, որ 100-րդ տարելիցի ապրիլի 24-յան ցույցին որքան հնարավոր է շատ մարդ մասնակցի, շատ քաղաքական ու հասարակական գործիչներ ներկա լինեն»,-ասաց Մասիս Աբրահամյանը` տեղեկացնելով, որ իրենք ներկայում նաև բանակցում են Նիդերլանդներում գտնվող բոլոր եկեղեցիների հետ, որ ապրիլի 24-ին որևէ խորհրդանշական ժամի բոլոր եկեղեցիների զանգերը հնչեն ողջ երկրով մեկ:

Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նաև հավելեց, որ որքան էլ 100-րդ տարելիցը որպես տարեթիվ նշելը լավ գործ է և լավ առիթ աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար, բայց դա չի նշանակում, որ  մյուս տարիներին չպետք է լավ պատրաստվել:

«Ինչքան շատ աշխատանք տանենք, այնքան լավ: 100-րդ տարելիցը լայնածավալ միջոցառումներով նշելը չի նշանակում, որ 101-րդ, 102-րդ տարելիցները պակաս կարևոր տարեթվեր են լինելու մեզ համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, մինչև հասնենք մեր նպատակներին»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Scroll Up