ՄԻԵԴ վճիռը նպաստում է հայերի նկատմամբ ռասիզմի ու բռնության

Ցեղասպանության ու մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը (Զորյան ինստիտուտի ստորաբաժանում` IIGHRS) նյութ է նախապատրաստել, որը Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի և IIGHRS համագործակցության արդյունքում տպագրվել է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթում և ֆրանսիական Le Temps պարբերականում:

Փաստաթղթերի հրապարակման նպատակն է բարձրացնել շվեյցարացիների տեղեկացվածության աստիճանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2013-ի դեկտեմբերի 17-ի «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի»` Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտման գործով վճռի առնչությամբ:

2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ որոշումը նպաստում է Թուրքիայում և այլ երկրներում հայերի նկատմամբ ռասիզմի ու բռնության: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ շվեյցարական կառավարությունը որոշումը բողոքարկելու և ռասիզմի դեմ ուղղված սեփական օրենքները պաշտպանելու բարոյական պատասխանատվություն է կրում: Տեսնելով, որ դեռևս Շվեյցարիայի կառավարությունը չի բողոքարկել Եվրադատարանի որոշումը, IIGHRS-ը նշում է` հրապարակումը հանրությանն այս իրավական ու բարոյական տեսակետին ծանոթացնելու հարցում որոշիչ նշանակություն ունի:

Շվեյցարիան 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ կողմնակի դիտորդ չի եղել և այն չպետք է կողմնակի դիտորդ լինի այսօր` թույլ տալով դրա ժխտումը: Այս առումով ինստիտուտը ձգտում է բարձրացնել Հայոց ցեղասպանության փաստերի մասին իրազեկվածության աստիճանը` մեջբերելով 1922-ին Ազգերի լիգայում Շվեյցարիայի նախագահի ելույթը, ինչպես նաև ներկայացնելով այսօրվա նախագահի խոսքերը Հոլոքոսթի կամ ցանկացած այլ ցեղասպանության ժխտման բացառման համար անհրաժեշտ քայլերի մասին: Նախագահ Դիդյե Բուրկհալտերը հայտարարել է, որ շվեյցարացիների պարտքն է մարդկությանը հիշեցնել պատմական իրականության փաստերի մասին: «Շվեյցարիան ուզում է ոչ միայն բառերով պայքարել, այլև մարդկության դեմ կատարված հանցագործությունների մերժումը բացառելու համար կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել », – ասել է Բուրկհալտերը:

Համադրելով այս երկու պատմական ելույթները` Զորյան ինստիտուտը նշում է, որ Հայոց ցեղասպանության մերժման պարագայում համաձայն չէ խոսքի ազատության իրավունքի հետ, և վճիռը դուրս է գալիս Դատարանի իրավասության սահմաններից, գրում է Asbarez-ը:

Դողու Փերինչեկն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան դիմել էր Շվեյցարիայի դատարան վերջինիս արտահայտությունների կապակցությամբ: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեկին ճանաչեց մեղավոր ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվեց 1995-ին ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեկը հանդես եկավ հայցով՝ բողոքարկելով այդ որոշումը, պահանջելով լրացուցիչ հետազոտություններ այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը նույն թվականի հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեկը բողոքարկեց դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատեց որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:

Փերինչեկը դիմեց ՄԻԵԴ՝ հղում կատարելով, որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7-րդ հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, և 10-րդ հոդվածով՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը, քննելով նրա բողոքը, հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի հանդիսանում», -ասվում է դատարանի որոշման մեջ: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար խոսքի ազատության խախտման քողի տակ: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

PanARMENIAN.Net

Scroll Up