Համահայկական ձմեռային առաջին խաղեր. Թբիլիսիի մարզիկների նվաճումները

Ավարտվեց Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Սփյուռքի մասնակիցներից բավականին հաջող ելույթ ունեցան Թբիլիսիի ներկայացուցիչները և կարողացան չորս ոսկե մեդալ նվաճել:

«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Թբիլիսիի պատվիրակության ղեկավար Գուրգեն Հեյրանովը նշեց, որ խաղերը շատ լավ են անցել. «Ես` իբրև գործկոմի անդամ, ամեն ինչ փորձում էի անել, որ այս խաղերը շատ բարձր մակարդակով անցեն: Որքան էլ իրատեսական էին մեր նպատակները, սակայն մենք չէինք կարող մտածել, որ ձմեռային առաջին խաղերը մոտ 400 մասնակից կունենա: Կարծում եմ, որ խաղերը լավ անցան»:

Ճիշտ է` համահայկական խաղերը մարզական մրցություն են, բայց պարոն Հեյրանովի հավաստմամբ` առաջնայինը սպորտի միջոցով աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերին մեկտեղելն է. «Այս օրերի ընթացքում խաղերի մասնակիցները կարողացան ոչ միայն մրցել, այլև միասին հետաքրքիր ժամանակ անցկացրին, նոր ծանոթություններ ձեռք բերեցին: Ուրախալի է նաև, որ մարզիկների մակարդակը՝ ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի, շատ բարձր էր: Իսկ գլխավորը` Հայաստանն ունի Ծաղկաձոր՝ իր հեքիաթային բնությամբ, որտեղ այսուհետ ամեն չորս տարին մեկ ձմեռային խաղեր կանցկացվեն»:

Թբիլիսիից և Բակուրյանիից Համահայկական ձմեռային առաջին խաղերին մոտ 20 ներկայացուցիչ է մասնակցել. «Շատ լավ արդյունքներ ենք գրանցել: Մեր ամենաուժեղ մարզիկներից մեկը 13-ամյա Թամարա Բարբարյանն էր. փոքրիկ աղջիկ է, բայց շատ տաղանդավոր: Մյուս մարզիկներն էլ են շատ ուժեղ` Նիկոլո Կոզանաշվիլի-Օհաննեսյանը, Գևորգ Կուրդոգլյանը, Դավիթ Մինասյանը, Գուրգեն Ակոպովը, Դավիթ Ակոպովը, Սամվել Խաչատրյանը, Դենիս Ջանաշվիլին և այլք:

Մեր հավաքականում միավորվել էր նաև սպորտն ու արվեստը. Մեյրաբովա քույրերը հայտնի դաշնակահարուհիներ են, միաժամանակ լեռնադահուկային սպորտով են զբաղվում:

Գլխավորը մեդալները չեն, կարևորը միասնություն է: Իսկ արդյունքում հայն է հաղթում` լինի հայաստանցի, իրանցի թե ռուսաստանցի»,-իր խոսքը եզրափակեց Գուրգեն Հեյրանովը:

Լ. Աբրահամյան, Ծաղկաձոր

unnamed (1)

Scroll Up