Վառնայի հայ համայնքը մեծ շուքով տոնեց Սուրբ Սարգսի տոնը (լուսանկարներ)

Ս. Սարգսի տոնը Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ համայնքի ամենասիրելի տոներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին, քանի որ համայնքի հայերին այս տոնը կրկնակի ուրախություն է պարգևում, հատկապես՝ երիտասարդներին: Նախ և առաջ Ս. Սարգիսը, որպես երիտասարդների ու սիրահարներ զույգերի բարեխոս սուրբ, այս տոնին իր շուրջն է համախմբում բոլոր երիտասարդներին,  և երկրորդ՝  համայնքի եկեղեցին կրում է Ս. Սարգիս զորավարի անունը: Վառնացիները այնքան են սիրում Ս. Սարգսի տոնը, որ դեռևս ամիսներ առաջ սկսում են պատրաստությունը և երկու օրից ավելի միայն տոնում են իրենց սիրելի սրբի և եկեղեցու ուխտի տոնը:

Ս. Սարգսի տոնին հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հրավերով եկեղեցում էին հավաքվել Վառնայի հայ երիտասարդները՝ մասնակցելու երիտասարդների օրհնության կարգին, որը տեղի ունեցավ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանի հանդիսապետությամբ:

Հոգեշնորհ Հայր սուրբը օրհնեց բոլոր երիտասարդներին և իր բարեմաղթանքում մասնավորապես նշեց. «Մեր ցանկությունն է, որ ամեն տարի մեր թեմի բոլոր երիտասարդները կարողանան հավաքվել Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում և մասնակցել երիտասարդների օրհնության կարգին, երիտասարդների բարեխոս սրբի օրհնությունը ստանան հենց սրբի անունը կրող եկեղեցու մեջ և եկեղեցու ուխտի օրը դարձնեն նաև բուլղարահայ բոլոր երիտասարդների ուխտի օր»:

 Շաբաթ օրը երիտասարդների օրհնության կարգից հետո Տ. Բարդուիմեոսի նախաձեռնությամբ Վառնայի ՀՄԸՄ-ի  սկաուտները և եկեղեցու ծխական խորհուրդի անդամները հատուկ երիտասարդների համար կազմակերպել էին երեկույթ, որին մասնակցեցին բոլոր երիտասարդները:

Հաջորդ օրը եկեղեցում ուխտի պատարագ մատուցեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը: Հոգեշնորհ հայր սուրբը շնորհավորեց Վառնայի հայությանը իրենց եկեղեցու տոնի կապակցությամբ: Նա, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորեց նորընտիր Թեմական խորհուրդի ատենապետ Անդրանիկ Շաքարյանին, ով Վառնայից է և երկար տարիներ Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետն էր: Պատարագի ավարտին հայր սուրբը օրհնեց եկեղեցու ուխտի օրվա առթիվ կատարված մատաղը: Այնուհետև եկեղեցու բակում շարունակվեց տոնական մթնոլորտը, հավատացյալները ճաշակեցին մատաղը, իսկ Վառնայի «Գայանե Մարաշլյան» պարախմբի սաները է´լ ավելի բարձրացրին ժողովրդի տրամադրությունը իրենց գեղեցիկ կատարումներով:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Сурп-Саркис-Варна Сурп-Саркис-Варна1 Сурп-Саркис-Варна2 Сурп-Саркис-Варна3 Сурп-Саркис-Варна4 Сурп-Саркис-Варна5 Сурп-Саркис-Варна-Неделя Сурп-Саркис-Варна-Неделя1 Сурп-Саркис-Варна-Неделя2 Сурп-Саркис-Варна-Неделя3

Сурп-Саркис-Варна-Неделя4 Сурп-Саркис-Варна-Неделя5 Сурп-Саркис-Варна-Неделя6 Сурп-Саркис-Варна-Неделя7 Сурп-Саркис-Варна-Неделя8 Сурп-Саркис-Варна-Неделя10 Сурп-Саркис-Варна-Неделя11 Сурп-Саркис-Варна-Неделя12 Сурп-Саркис-Варна-Неделя13

Scroll Up