Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 35-րդ տարեդարձի առթիւ ցուցահանդէս Նոր Ջուղայում

Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի  35-րդ տարեդարձի  առթիւ, Նոր Ջուղայի  Հայոց Ազգային  կրթահամալիրի  կենտրոնական դահլիճում, ձեռամբ  Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպսկ. Չարեանի, տեղի ունեցաւ «Անւանի Նոր Ջուղայեցիներ»  ցուցահանդէսի  բացումը, որտեղ ցուցադրւած էին արւեստի, արհեստի եւ  գիտութեան  բնագաւառներում 47 Նորջուղայեցիների լուսանկարները՝ նրանց կենսագրական տւեալներով: Ցուցահանդէսի նպատակն էր նոր սերունդին ծանօթացնել  անւանի Նորջուղայեցիների կենսագրականին եւ նշեալ ասպարէզներում  Իրանին մատուցած նրաց  բարձր ու անգնահատելի   ծառայութիւնների մասին, նաեւ այն մեծ վաստակին, որոնցից ոմանք թողել են ողջ մարդկութեանը, ինչպէս Իրանում առաջին կին դասախօս եւ «Աստղագիտութեան մայր» կոչմանն արժանացած դոկտ. պրոֆ. Ալենուշ Տէրեանը,  Ուշիմ համակարգեր ասպարէզի անւանի գիտնական «Ռոբոտիկայի գիտութեան  հայր» կոչում ստացած  .դոկտ. պրոֆ Կարօ Լուկասը , Տարւայ մարդ կոչում ունեցող գրող, թարգմանիչ եւ բանասէր Լեւոն Գ.Մինասեանը…

     Ցուցահանդէսը առանձին բաժիներով համալրւած էր Կրթահամալիրի աշակերտութեան  մասնակցութեամբ  լուսանկարների մրցոյթ- ցուցահանդէսով եւ Քանանեան աղջ. դպրոցի շրջանաւարտ, «Խարազմի»  փառատօնի մրցանակակիր    Ռոժին  Ներսէսեանի կտաւներով, որոնք   որպէս նոր ոճի նկարչութիւն ճանաչւել են լաւագոյնը եւ նահանգի մակարդակում զբաղեցրել են առաջին տեղը:

    Դպրոցի մի այլ սրահում կազմակերպւել էր նաեւ աւանդական ճաշերի մրցոյթ՝ մասնակցութեամբ աշակերտութեան ծնողների, որոնք ժյուրիի  կազմից ստացած գնահատականներով, ըստ համի, ձեւաւորման եւ մատուցման եղանակի, երեքը պարգեւատրւեցին ոսկեդրամով, իսկ նկարչութեան մրցոյթի  բաժնում, ըստ այցելուների քւէարկութեան, յաղթող ճանաչւեց աշակերտուհի Նազելի  Ղարիբեանը եւ պարգեւատրւեց յուշանւէրով:

    Փետրւարի 11-ից սկսած՝ մէկ շաբաթ տեւողութեամբ ցուցահանդէսը աւարտւեց երկուշաբթի՝ փետրւարի17-ին:

   Ցուցահանդէսը եւ մրցոյթները   կազմակերպւել էր      Հայոց ազգ.   «Քանանեան» աղջ.դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական ծորհրդի համատեղ  ջանքերով:

Երանուշ Թահմազեան

Իրան  (Նոր Ջուղա)

Լուսանկարները՝ հեղինակի

 unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7)

Scroll Up