Արման Եղիազարյան. «Եթե ուզում ենք նպաստել հայապահպանությանը, պետք է իրականացնենք հայրենադարձություն»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/03/tPDGuZCpr4kfl3MUxXn7qZyIBr.jpg)
Սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ»-ն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Վերջինիս նշանակության, դերի ու ոլորտի հետագա քայլերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց նախարարության Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանի հետ:
-Մենք գործ ունենք գաղափարախոսության հետ: Այն նախանշում է, թե ինչ է լինելու, այսինքն` եթե ուզում ենք հայրենադարձություն, ինչ պետք է անենք: Համաշխարհային փորձը, եւ մասնավորապես` հայկականը, ցույց է տալիս, որ եթե ունենք մեծ սփյուռք, որտեղ կա հայապահպանության խնդիր, եւ ժողովրդագրական, տարածքային-ռազմավարական ու եւս մի քանի նմանօրինակ խնդիրներ` Հայաստանում, ապա դրանց լուծման հիմնական միջոցներից մեկը հայրենադարձությունը պետք է լինի: Եթե ուզում ենք նպաստել հայապահպանությանը Սփյուռքում եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը ՀՀ-ում, պետք է իրականացնենք հայրենադարձություն: Երբ մշակում էինք հայրենադարձության հայեցակարգը` որպես տվյալ գործընթացի գաղափարախոսություն, ելնում էինք տիրող իրավիճակից: Մենք ունենք 3 միլիոն 200 հազար հայ Հայաստանում, 7-7.5 միլիոն հայ` Սփյուռքում, եւ հարաբերությունների կառուցումը, այս ամենից բացի, նախանշում է նաեւ հայրենադարձությունը, որի նպատակը գլխավորապես հայապահպանությունն է, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը նպաստելը: Մենք, այդ հրամայականից ելնելով, ձեռնարկեցինք այս գործընթացը: Նախարարության աշխատանքի երեք հիմնական ուղղություններն են` հայապահպանությունը, համահայկական ներուժի համախմբումն ու հայրենադարձությունը:
-Որո՞նք են հայեցակարգի գլխավոր խնդիրները եւ հիմնական նպատակները:
-Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Սահմանվող դրույթները վերաբերում են այն անհատներին, որոնք ցանկություն կհայտնեն կամովին բնակություն հաստատել Հայաստանում: Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ: Այսօր արդեն այդպիսի մարդկանց որոշակի հոսք կա: Հայեցակարգի նպատակը եւ խնդիրներն են` սահմանել «հայրենադարձ» եւ «հայրենադարձություն» հասկացությունները, առանձնացնել հայրենադարձության հետ կապված այն առաջնահերթությունները, որոնք ենթակա են պետական կարգավորման, հստակեցնել կառուցակարգերը, ամրագրել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի գլխավոր սկզբունքները:
-Ըստ հայեցակարգի` ո՞վ է համարվելու հայրենադարձ:
-Երբ ասում ենք «հայրենադարձ», նկատի ունենք Հայաստանից դուրս բնակվող հայկական ծագմամբ մարդուն, որը ՀՀ քաղաքացի չէ, կամ լինելով ի սկզբանե այլ պետության քաղաքացի` ձեռք է բերել նաեւ ՀՀ քաղաքացիություն: Իսկ քաղաքացիների հարցերը կարգավորվում են միգրացիոն օրենսդրությամբ, ըստ այդմ` հայրենադարձ կարող է համարվել ոչ ՀՀ քաղաքացին:
-Ինչպե՞ս է կանոնակարգվելու գործընթացը:
-Հայրենադարձությունը` որպես գործընթաց, ունի տրամաբանական սկիզբ եւ ավարտ, սկսվում է տվյալ անձի կողմից հայրենադարձվելու ցանկություն հայտնելուց եւ ավարտվում է Հայաստանի կյանքում նրա լիակատար ինտեգրմամբ: Այս ճանապարհին այն հարցերը, որոնք պետք է լուծվեն պետության կողմից, մեզ մոտ շարադրված են «Հայրենադարձության փուլերը եւ կառուցակարգերը» գլխում: Մյուս գլուխն ուղղակի վերաբերում է ինտեգրման ձեւերին: Ինտեգրումը մենք բաժանել ենք մի քանի ուղղությունների, որոնցից, մասնավորապես, կարեւոր են սոցիալ-տնտեսական, հասարակական-կենցաղային եւ իրավական ուղղությունները: Այսինքն` այս ամբողջ գործընթացը պետք է հանգեցնի «ՀՀ լիարժեք քաղաքացի» կարգավիճակին:
-Ի՞նչ դեր ունի քաղաքացիություն ստանալու գործընթացը հայրենադարձության իրականացման մեջ:
-Նշեմ, որ հայրենադարձությունն ուղղակիորեն չի հանգեցնում քաղաքացիություն ստանալուն: Ավելին, որոշ հայրենադարձներ կարող են քաղաքացիություն ձեռք բերել մինչեւ հայրենադարձվելը: Իսկ երե սփյուռքահայը չունի ՀՀ քաղաքացիություն, ապա նրա համար քաղաքացիություն ստանալը դառնում է հայրենադարձի ինտեգրման կարեւոր փուլերից մեկը: Այսինքն` քաղաքացիությունը տրամադրվում է ինտեգրման ընթացքում, որպեսզի հայրենադարձը կարողանա լիարժեք ինտեգրվել Հայաստանում: Բայց գործընթացը քաղաքացիությամբ ոչ սկսվում է, ոչ ավարտվում: Այն պահից, երբ հայրենադարձը կստանա ՀՀ քաղաքացիություն, նրա իրավունքները կհավասարեցվեն ՀՀ քաղաքացու իրավունքներին, իսկ նրան որպես հայրենադարձի տրված արտոնությունները կմնան մինչեւ ինտեգրման փուլի ավարտը: Այդ որոշակի արտոնությունները կնպաստեն նրա ինտեգրմանը: Մասնավորապես` մենք նախատեսում ենք մասնագիտական, լեզվական դասընթացների կազմակերպում, վարկերի մասով որոշակի արտոնյալ պայմաններ, պետական ուղղորդում, աջակցություն եւ այլն:
-Ինչպիսի՞ն է եղել պատկերը մինչ այսօր, ինչպե՞ս է կարգավորվել այս ոլորտը:
-Մինչ այսօր համապատասխան գաղափարախոսություն եւ օրենք չեն եղել, երեւույթը չի կանոնակարգվել: Հայկական ծագումով մարդկանց համար եղել են արտոնություններ` ՀՀ կացության հատուկ կարգավիճակի տեսքով:
-Իսկ ինչպիսի՞ն է պատկերը ներկայումս հայկական սփյուռքում:
-Սփյուռքում ապրում է մոտ 7-7.5 մլն հայ: Նրանց որոշ մասը Հայաստանի անկախության վերականգնումից հետո հաստատվել է հայրենիքում: Այսպես. 2006-2009 թթ-ին ՀՀ կացության հատուկ եւ մշտական կարգավիճակ է ստացել շուրջ 3 հազար սփյուռքահայ, 2005-2009 թթ-ին անշարժ գույք է գնել շուրջ 15 հազար սփյուռքահայ, եւ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 10 հազար սփյուռքահայ:
-Ի՞նչ փուլում են ներկայումս աշխատանքներն այս ուղղությամբ, եւ մշակված հայեցակարգի բովանդակությունը որքանո՞վ է իրագործելի հայաստանյան իրականության ներկա պայմաններում:
-Այն արտոնությունները, ուղղությունները, որ սահմանում է հայեցակարգը, լիովին իրագործելի են: Հիմք ենք ընդունել Հայաստանի ներկա պայմանները եւ հնարավորությունները, այսինքն` ինչ կարող է տալ հայրենադարձին Հայաստանն այսօր: Այժմ աշխատում ենք օրենքի նախագծի, ենթաօրենսդրական ակտերի եւ հայրենադարձների ինտեգրման տարբեր ծրագրերի մշակման վրա, որպեսզի նախապատրաստենք իրականացման փուլը: Կարեւորն օրենքի ընդունումն է, որը, հուսով եմ, համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո կընդունվի Ազգային Ժողովի կողմից: Նախագիծը շրջանառության մեջ է: Հայեցակարգը` որպես գաղափարախոսություն, հավանության է արժանացել, ինչի հիման վրա էլ մենք շարունակում ենք մեր աշխատանքները:
-Որքա՞ն ժամանակում կյանքի կկոչվի գործընթացի մեկնարկային փուլը:
-Երկու-երեք տարի է սահմանված ինտեգրման փուլի համար, դրանից ավել այն տեւել չի կարող:
-Մոտավորապես ի՞նչ զանգված եք սպասում առաջիկայում ընդունելու հայրենիք:
-Եթե դատենք վիճակագրությունից, հայերը երկու եղանակով են գալիս Հայաստան. նրանք, ովքեր հայեցակարգով նախատեսված ընթացակարգի կարիքը չունեն, եւ նրանք, ովքեր ունեն: Սահմանագիծը բնականաբար սոցիալական վիճակն է: Սպասվող զանգվածն, ըստ իս, կտատանվի 1500-ից 2000 մարդու միջեւ: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն անհամեմատ մեծ է, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը Հայաստանում ապրելու են: Իսկ «հայրենադարձ» հասկացությունը նախատեսում է մարդ, որը մշտական բնակության է գալիս Հայաստան: «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո տեմպերը, կարծում եմ, կտրուկ կաճեն:
-Հայեցակարգի հավանությունից հետո որո՞նք են հաջորդ քայլերը:
-Դրան պետք է հետեւի «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որն արդեն հստակորեն կսահմանի գործընթացի իրականացման պետական լիազոր մարմին, իրականացման, արտոնությունների տրամադրման կարգերը, ուղղությունները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները:
Հարցազրույցը` Նելլի Դավթյանի