ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը հայ մշակութային «Սիփան» միության 50-ամյակի առթիվ

«Սիփան» մշակութային միության հարգարժան ղեկավարներ, անդամներ,
Հաճույքով բոլորիդ շնորհավորում եմ 50-ամյա գեղեցիկ հոբելյանի առիթով:
Հիսուն տարի շարունակ դուք տքնել եք, աշխատել և համախմբվել հայ մշակույթը պահպանելու, տարածելու, սերունդներին փոխանցելու համար:
Մշակույթն ազգի ինքնության պահպանման անփոխարինելի զենքն է, որն իր հոգում և սրտում պետք է ունենա յուրաքանչյուր հայ:
Թեհրանի «Սիփան» մշակութային միությունն այս հարցում անուրանալի ներդրում ունի: Կես դար իր բազմաճյուղ մշակութային գործունեությամբ այն մեծ դերակատարություն է ստանձնել մեր հայրենակիցների, մասնավորապես՝ երիտասարդների հայեցի կրթության և դաստիարակության ապահովման գործում: «Սիփանի» բոլոր ձեռնարկները, ծրագրերն ու միջոցառումները միտված են թեհրանահայ համայնքի ազգային, մշակութային, մարզական կյանքի բարելավմանն ու ակտիվացմանը:
Հայապահպանություն. սա է ձեր առաքելությունը, սիրելի´ սիփանականներ: Անշուշտ, դյուրին գործունեություն չէ, սակայն դուք առաջնորդվում եք «կամենալը կարենալ է» սկզբունքով և հաջողում եք: Դուք ուժ ու զորավիգ եք համայնքի համար: Ձեր համախմբվածությունն է, ձեր որդեգրած սկզբունքներն են, ձեզ ներքնապես ամուր պահող արժեհամակարգն է ընկած միության այսչափ լուրջ ու ծանրակշիռ անցած ճանապարհի հիմքում, և, վստահ եմ, որ նույն ոգով, նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ եք շարունակելու իրականացնել ձեր բոլոր նախաձեռնությունները:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առնչվել և մասնակից են եղել «Սիփանի» ազգային գործունեությանը, ովքեր հավատացել են նրան և անընդհատ սնվել ազգային արժեքներից:
Ի սրտե մաղթում եմ նորանոր վերելքներ, ուժ ու կարողություն, անսպառ եռանդ՝ երկա՜ր-երկար տարիներ շարունակելու ձեր նվիրական գործունեությունն՝ ի նպաստ հայի ինքնության պահպանման, ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ