Հայերն Ուկրաինայում. 2013-ի կարեւորագույն իրադարձությունները
Ուկրաինայի հայերի միությունը (ՈւՀՄ) ամփոփել է այդ երկրում հայկական համայնքի իրականացրած աշխատանքների արդյունքները: Ինչպես կազմակերպությունն է նշել, 2011-ին սկսված բոլոր ուղղություններով համակարգային աշխատանքի արդյունքում երկրում հայկական սփյուռքի կյանքում որոշակի կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ՈւՀՄ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, ընդգծվում է հայկական սփյուռքի համար ամենակարեւոր իրադարձությունը` Կիեւում հայկական տաճարի շինարարության մեկնարկը: Բացի այդ, շարունակվում է Դոնեցկում եկեղեցու շինարարությունը, ռեստավրացվում են պատմական շինություններ:
2013-ին մեծ ուշադրություն է դարձվել հայկական հարցին: Ապրիլի 22-ին կայացել է «Հայոց ցեղասպանություն. Իրավունք չունենք մոռացության մատնել» կլոր սեղանը, որին ներկա են եղել տարբեր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական գործիչներ ու փորձագետներ: Հոնիսի 6-ին Գերագույն ռադայում գրանցվել է օրինագիծ` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որի նախաձեռնողներն են Վիլեն Շատվորյանը (Ռեգիոնների կուսակցություն) եւ Արսեն Ավոկովը («Բատկիվշչինա»): Նշենք, որ ուկրաինացի մտավորականներն ակտիվորեն կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ուկրաինայի հայերը նաեւ նախաձեռնել են եկեղեցիների տարածքներում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրում:
Միջազգային գործունեություն
ՈՒՀՄ միջազգային գործունեության արդյունքում կազմակերպությունը ներառվել է Եվրոպական խորհրդի թափանցիկության ռեեստրում ու հիմա հնարավոր է դարձել միության` ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից մեկին` ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդին, անդամակցելը: Այն կներկայացվի որպես Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպություն:
Պատմություն ու մշակույթ
Տարվա ընթացքում անցկացվել են միջոցառումներ` ուղղված Ուկրաինայի հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախաձեռնել է Կիեւում կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հուշարձանի տեղադրումը: Տարբեր քաղաքներում կազմակերպվել են ցուցահանդեսներ ու դասախոսություններ, լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են լույս տեսել եւ այլն:
Ուկրաինայի տարբեր անկյուններում հայկական 33 տաճարներ ու պաշտամունքային ճարտարապետական կառույցներ լայնորեն ներկայացվելու են պատմության ու մշակույթի սիրահարներին: Մի քանի շրջաններում բացվել են խաչքարեր ու հուշատախտակներ: Տեղի են ունեցել ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն:
Սպորտ
Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ հայ մարզիկների աջակցությանը, Ուկրաինայում սպորտի զարգացմանը, մրցաշարերի եւ մրցույթների կազմակերպմանը՝ Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո:
Ուկրաինայի հայերի միության մարզադպրոցի սաներն արդեն երկրորդ տարին է ուրախացնում են տարբեր մրցույթներում իրենց ձեռքբերումներով: Նրանց մեջ արդեն կան երեք սպորտի վարպետ, սպորտի վարպետի երկու թեկնածու, ինչպես նաեւ առաջին տարակարգիկներ:
Վերակազմակերպում
Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի արդարադատության նախարարությունում առանցքային փոփոխություններ է հաստատել կազմակերպության կանոնակարգում, ինչպես նաեւ երկրի 24 շրջաններում ներկայացուցչություններ գրանցել:
Ուսումնասիրություններ
Ղրիմում գործում է գիտահետազոտական կենտրոն, որտեղ մասնագետները պատմաիրավական ուսումնասիրություններ են կատարում: Ստեղծվել է «Ղրիմի հայրենադարձների՝ հայերի, բուլղարացիների, հույների եւ գերմանացիների միություն» (նախագահ՝ Վաղարշակ Մելքոնյան): Բացի այդ, նոր խթան է ստացել Ուկրաինայի հայերի միության փորձագիտական խորհուրդը:
Երիտասարդություն
Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը հայ երիտասարդության համախմբմանն ուղղված մի շարք միջոցառումներ է անցկացրել: Կազմակերպվել են փառատոներ, ինտելեկտուալ խաղեր, թրենինգներ, գիտաժողովներ, համերգներ, կլոր սեղաններ:
Օգոստոսին կազմակերպվել է «Ուկրաինայի հայերի միության ամառային մանկապատանեկան ճամբար-2013», որտեղ ուկրաինահայ երեխաներից բացի հանգստացել է Հայաստանից գնացած երիտասարդների խումբը: Դեկտեմբերին երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների եւ ակտիվիստների համար ձմեռային ճամբար է կազմակերպվել:
Հայաստան-Ուկրաինա
Ուկրաինայի հայերի միությունն առավելագույնս նպաստել է Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ անհատական եւ ստեղծագործական շփումներին: Հայրենիքի հետ կապերի աշխուժացման համար համագործակցություն է սկսվել «ՅՈՒՏէյր» ավիաընկերության հետ:
2013 թվականը հարուստ էր տարատեսակ ձեռնարկումներով, շրջաններում հայկական եկեղեցիների եւ հուշարձանների կառուցման որոշումներ են կայացվել, ստեղծվել են հայկական լրատվամիջոցներ, կրթական կենտրոններ եւ այլն: Այս ամենի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ Ուկրաինայի հայերի միության կայքից, ինչպես նաեւ տեղեկատվական գործընկերների կայքերից: