«Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը». Բաշար ալ-Ասադ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/05/60688727_2691605020913132_4786401495572545536_o.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մայիսի 14-ին Դամասկոսի նախագահական պալատում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի գրասենյակին, հայտնում է, որ Վեհափառ Հայրապետի պատվիրակության կազմում էին Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Սիրիայի խորհրդարանի անդամներ դոկտոր Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, Ազգային Կետրոնական վարչության անդամ Հրաչ Հակոբյանը, Բերիո Հայոց թեմի Ազգ. Երեսփոխանական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգշ. Տ. Հովակիմ Աբղ. Բանջարջյանը:
Ավելի քան մեկ ժամ տած հանդիպումն առիթ է հանդիսացել արծարծելու Սիրիայի ներկա իրավիճակի և հայ համայնքի հետ առնչություն ունեցող հարցեր ու ծրագրեր: Նորին Սրբությունն իր շնորհակալությունն է հայտնել նախագահին՝ Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու վերանորոգմանը նախագահական պալատի կողմից հատկացված նպաստի համար: Ապա, հիշեցնելով Սիրիայի ժողովրդի (քրիստոնյա, թե իսլամ) ցուցաբերած ջերմ ընդունելությունը Հայոց ցեղասպանությունից հետո, Հայրապետը հաստատել է, որ հայ համայնքը մնում է ամուր կառչած Սիրիային և այս վճռականությունից մղված՝ սկսել է վերականգնման աշխատանքները: Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրեց, որ Սիրիայի մեր հայրենակիցների համար, Հայաստանում, թե Սփյուռքում ապրող, Սիրիայի հայ համայնքը կարևոր է թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե´պահանջատիրական իմաստով: Արամ Ա-ն իր գնահատանքն է հայտնել Սիրիայի պետությանն ու ժողովրդին՝ Հայ դատի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իր հերթին ողջունելով Նորին Սրբության այցելությունը՝ իր բարձր գնահատանքն է հայտնել Սիրիայում ապրող հայերի նկատմամբ` սիրիահայերին նկատելով համահավասար քաղաքացիներ, որոնք նույն պարտավորություններով ու իրավունքներով են կապված Սիրիային: Նախագահը նաև նշել է, որ հայերը միշտ իրենց համար եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի զարգացմանը: Բաշար ալ-Ասադը նաև կոչ է ուղղել սիրիահայերին, որոնք հանգամանքների բերումով հեռացել են երկրից, վերադառնալ և վերականգնել իրենց տներն ու գործատեղիները՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը: