«Սիրում եմ այն արվեստը, այն գրականությունը, որում կա գեղեցկություն, և Աստված կա». Տատյանա Դանիելյանց

Աշխարհի բոլոր ծայրերում ապրող սփյուռքահայերի համար ՀՀ սփյուռքի նախարարությունը հարազատ տուն է, ուր կարոտաբաղձ հայորդիները շրջապատվում են ջերմությամբ, հոգատարությամբ: Նույն զգացումներն է ունեցել նաև օրերս Հայաստանում գտնվող մեր տաղանդավոր հայրենակցուհին` կինոռեժիսոր, բանաստեղծուհի, նկարչուհի Տատյանա Դանիելյանցը:

«Հայաստանում, մասնավորապես ՀՀ սփյուռքի նախարարությունում, ես ինձ զգում եմ հարազատներիս միջավայրում: Եկել եմ ՌԴ-ից, սակայն չունեմ այնպիսի զգացողություն, թե անծանոթ, ուրիշ երկիր եմ եկել: Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր ինձ ընդունել են հարազատ քրոջ նման: Առաջին այցս չէ Հայաստան. ապրիլին մասնակցել եմ Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին, որի ընթացքում ծանոթացա հրաշալի մարդ և գրող, ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի հետ: Այդ կապերի շնորհիվ էլ մի քանի ամիս անց ինձ հրավիրեցին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Սփյուռքահայ գրողների համաժողովին: Իմ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ արդեն 6 տարի է, ինչ բոցկլտում է: Հենց այդ համաժողովի օրերին, երբ Ծաղկաձորում էի, տեղի ունեցավ իմ «Կարմիր աղմուկ» («Красный шум») գրքի շնորհանդեսը: Երեք գիրք ունեմ տպագրված` «Վենետիկյան», «Ճերմակը», «Կարմիր աղմուկ». արդեն երկու նոր գիրք եմ գրում: Ես չեմ սիրում մասնակցել գրական մրցույթների. դրա համար չէ, որ ստեղծագործում եմ: Ես միտք և ցանկություն չունեմ որևէ մեկի հետ մրցելու. դա իմ աշխարհն է: Այնուամենայնիվ, ունեմ մի քանի մրցանակներ, երեքը` Իտալիայում, երկուսը` Մոսկվայում (ազատ ոճի պոեզիայի միջազգային մրցանակներ), ես մասնակցել եմ շատ հեղինակավոր մրցույթների, իմ գրքերը ներկայացվել են գրքի միջազգային տոնավաճառներում` Լոնդոնում, Փարիզում… Իմ հիմնական նպատակը, խնդիրը շփումն է ընթերցողի հետ իմ ստեղծագործություններով… Հրաշալի է, երբ ընդգրկվում ես որևէ համաժողովի կազմում, երբ հրավեր ես ստանում որևէ երկրի հեղինակավոր կազմակերպության կողմից, սակայն կարևորն այն է, որ իմ գրածը, իմ գրքերը պիտանի լինեն մարդկանց: Հարցնում եք` ո՞ր գիրքն է իմ գրքերից ինձ համար ավելի թանկ, կարևոր… Բոլո´րը… Երբ գրեցի առաջին գիրքը, ինձ համար կարևորն այդ գիրքն էր, երբ լույս տեսավ հաջորդ գիրքս, ամենակարևորը դարձավ այդ գիրքը, բայց գիտեմ, որ մի տարի անց ավելի կկարևորվի մեկ ուրիշ գիրք: Նույնն իմ ֆիլմերի մասին կարող եմ ասել:

…Դուք հարցնում եք` ինձ Երևանում ավելի շատ ճանաչում են որպես ռեժիսորի±, բանաստեղծուհո±ւ, թե± նկարչուհու… Ասեմ, որ Երևանում ինձ ճանաչում են ավելի շատ որպես կինոռեժիսորի: Այ, Մոսկվայում ինձ գիտեն նաև որպես բանաստեղծուհի, նկարչուհի: Ես աշխատում եմ, որ ինձ տրված այդ երեք շնորհները մեկը մյուսին չխանգարեն, չմրցեն իրար հետ: Ես ավելի շատ քանդակագործ եմ և լոսանկարիչ: Իմ աշխարհն ամբողջովին ստեղծագործական է, և ես այդ երեք ուղղություններով էլ աշխատում եմ սիրով ու նվիրումով: Երեքում էլ իմ հետաքրքրության կիզակետը մարդն է, ստեղծագործող մարդը. պոեզիայում ինձ առավել հետաքրքրում է մարդու հոգին, ներաշխարհը… Այս անգամ եկել էի` մասնակցելու Միջազգային հոբելյանական 10-րդ «Կին» փառատոնին արդեն երկրորդ անգամ: 2003-ին «Կին» փառատոնին իմ «Сад, который скрыт» ֆիլմի համար արժանացել եմ հատուկ մրցանակի: Երեք անգամ էլ մասնակցել եմ «Ոսկե ծիրան» փառատոնին:

… Դուք հարցնում եք, թե ես ինձ որտե±ղ եմ ավելի լավ զգում… Ասեմ, որ Մոսկվան իմ տունն է, Վենետիկը իմ ընկերների հետ հանդիպման վայրն է, նույնը` Երևանը (թեև ես Երևանում երբեք հենց այնպես չեմ գտնվել, սոսկ զբոսաշրջիկ չեմ եղել.եկել եմ կինոգործունեության կամ նկարչության կամ էլ պոեզիայի առիթներով և հետաքրքիր նախագծերով): Դժվար է, իհարկե, կտրվել Իտալիայից, Վենետիկից. ես արդեն 18 տարի է, որ ապրում եմ այսպես` Մոսկվա, Վենետիկ, նաև` Երևան:

…  Հարցնում եք, թե ինչու չեմ խոսում հայերեն… Մայրս ազգությամբ ռուս է, հայրս` հայ, ով ծնվել  և մեծացել է Մոսկվայում. մեր ընտանիքը ռուսախոս է:

…  Դուք հարցնում եք, թե երբևէ որոշում կկայացնե±մ սովորել հայոց լեզուն, և ինձ պարտավորեցնում եք, իսկ ես խոստանում եմ, որ հաջորդ այցիս անպայման մի քիչ կխոսեմ հայերեն. ես այդ մասին միշտ մտածել եմ:

… Հարցնում եք, թե ի±նչ է ինձ համար Հայրենիքը… Ես այս հարցին կպատասխանեմ երեք տեսանկյունից. Հայրենիքն ինձ համար իմ լեզուն է, այս դեպքում` ռուսերենը, քանի որ Ռուսաստանն է իմ Հայրենիքը, Հայրենիքն ինձ համար այն վայրն է, ուր ես ինձ երջանիկ եմ զգում. դա Իտալիան է, և  Հայրենիքն ինձ համար  առեղծվածն է, որը ես մինչև վերջ չեմ բացահայտել. դա Հայաստանն է, որն ինձ շարունակ ստիպում է, ձգում է կրկին ու կրկին գալ այստեղ:

…  Դուք հարցնում եք` ո±վ է իմ ամենասիրելի հայ ռեժիսորը… Սերգեյ Փարաջանովը. նրա «Նռան գույնը» ֆիլմը բարձրակետ է, այն մեծ գեղագիտություն ունի: Փարաջանովն ինձ վրա շատ մեծ տպավորություն է գործել: Ես կրկին այցելեցի Փարաջանովի տուն-թանգարան և նորից համոզվեցի նրա մեծության մեջ:

… Դուք հարցնում եք, թե հայ գրողներից ո±ւմ եմ ճանաչում և ի±նչ կարծիք ունեմ… Ինձ համար մեծություն է Գրիգոր Նարեկացին. ես դեռ չեմ գտել որևէ գրողի, ով Նարեկացու պես գերի ինձ և այդքան մեծ ազդեցություն թողնի իմ ներաշխարհի վրա:

Սիրում եմ այն արվեստը, այն գրականությունը, որում կա գեղեցկություն, և Աստված կա»:

Այս հնչեղ նոտայով էլ ավարտում եմ իմ զրույցը Տատյանա Դանիելյանցի հետ` հայուհու, ում ռուսերեն խոսքի ելևէջներում, աչքերում, հայացքում այնքա˜ն հայկական ջերմություն եմ տեսնում, ով հպարտորեն ասում է, որ ինքն իր ողջ էությամբ ազգությամբ հայ իր հորն է նման:

Կարինե Ավագյան

Scroll Up