Ապրիլի 7-ը Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցում

Ապրիլի 7-ին լեփ-լեցուն էր ՌԴ Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցի դահլիճը: Նշվում էր Ավետման տոնը, Մայրության և գեղեցկության օրը, որի մեկնարկը տվեցին դպրոցի կրտսեր խմբի աշակերտները՝ Ավետման տոնի բեմականացմամբ: «Հրեշտակների» ուղեկցությամբ ներկաներին Ավետման խորհուրդը ներկայացրեց Արժանապատիվ Տեր Արիստակեսը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նաիրա Թորոսյանը, դպրոցի ուսուցիչները մոր նկատմամբ իրենց անսահման սիրո և ինքնամոռաց նվիրումի սրտաբուխ խոսքերը փորձեցին փոխանցել հանդիսատեսին: Միջոցառման նախաձեռնությունը դպրոցի վոկալի փորձառու ուսուցիչ տիկին Վերոնիկայինն էր, որին հաջողվեց տոնական տրամադրությամբ վարակել բոլորին: Միջոցառման ավարտին ուսուցիչներին ուղղված երախտիքի խոսքերով հանդես եկավ հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը: Նա խոսեց ռուսահայ իրականության մեջ ազգապահպանման գործում ուսուցչի կարևոր դերի մասին` ողջունելով դրան ուղղված ցանկացած միջոցառում: Իսկ դպրոցում գործում են պարի, երգի, դհոլի,քանոնի և դուդուկի խմբակներ:

Ջերմ ծափողջույններով դիմավորեցին դհոլահարներին: Ուսուցիչ Դենիսի աշխատանքը ուղեկցվեց «բրավո»-ներով: Դհոլահարները ջերմ զգացումներ փոխանցեցին հանդիսատեսին: Պարային հուզառատ համարներով հանդես եկան նաև պարուսույց Կարապետ Նալբանդյանի սաներն ու սանուհիները` հայ ոգին ցույց տալով պարի լեզվով` մեկ տղաների խրոխտ ու համարձակ, մեկ աղջիկների հեզ ու նուրբ շարժումներով:

Ստեղծագործ համագործակցության առաջին քայլ էր նաև ք. Արամիլից եկած հյուրերի ներկայացրած երգը` նվիրված մորը (ուսուցիչ Նադեժդա Գենադևնա): Կրկին հնարավորություն ունեցանք վայելելու քանոնահարների (ուսուցիչ Ա. Ավետիսյան) ու դհոլահարների (ուսուցիչ Լ. Տեր-Աբրահամյան) մատների հնարքը այնքան վարպետորեն, որ անհնար էր հույզերը խեղդել. ոմանք անվերադարձ կարոտի գիտակցությունից, ոմանք (ինչպես ես) իրենց ու մայրերին բաժանող սառն ու անհոգի օվկիանոսից:

Scroll Up