Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/03/103590.jpg)
Հայկական ծագումով ավստրալացի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը:
Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայկական ազգային հանձնաժողովը, դեռ հայտնի չէ՝ կարող է արդյոք Բերեջիկլյանը ձեւավորել մեծամասնության կառավարությունը:
Իր խոսքում Բերեջիկլյանը երախտագիտության խոսք է ասել շատերին՝ հատկապես առանձնացնելով Նոր Հարավային Ուելսի ժողովրդին. «Անկախ ձեր ծագումից կամ բնակության վայրից, դուք կարող եք լինել Նոր Հարավային Ուելսի վարչապետը, նահանգի, որտեղ երկար ազգանուն ունեցող կինը կարող է դառնալ վարչապետ»,-ընդգծել է Բերեջիկլյանը:
Ավստրալիայի ՀԱՀ-ի գործադիր տնօրեն Հայկ Քայսերյանի տեղեկացմամբ, այդ օրը պատմական օր է Ավստրալիայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքի համար, քանի որ Գլեդիս Բերեջիկլյանը համաշխարհային քաղաքականության մեջ ամենաազդեցիկ հայ կինն է, եւ այս անգամ նա ընտրվել է որպես կառավարության պարագլուխ՝ ղեկավարելով 7 մլն բնակչություն ունեցող նահանգը, որն, իր հերթին, Մեծ քսանյակի անդամ երկրների ամենամեծ նահանգն է»:
Բերեջիկլյանը ստանձնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը 2017 թվականի հունվարին՝ Մայք Բեյրդի հրաժարականից հետո: