Կմեկնարկեն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

Այժմյան Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը լուրջ վնասներ էր կրել 2015 թվականին քաղաքի պատմական Սուր թաղամասում թուրք-քրդական բախումների հետևանքով, կվերակառուցվի: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Dailysabah-ին, հայտնում է, որ Միջին Արևելքում գտնվող հայկական ամենամեծ եկեղեցին կվերականգնվի Թուրքիայի Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: Այս նպատակով կառավարությունն նախարարությանը հատկացրել է 15 մլն թուրքական լիրա:
Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը, ինչպես նաև առաջին պսակադրությունը: Եկեղեցու զանգերը 97 տարի անց կրկին ղողանջեցին: Վերանորոգման աշխատանքներն կատարվել էին Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ և հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: