Վիքիպեդիայում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ

Վիքիպեդիայի ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:
Վիքիպեդիայի հայկական տիրույթում արևմտահայերեն նյութեր գրվել են դեռ 2014 թվականից: Ցավոք, արևմտահայերենը ISO կոդ չուներ, և այն որպես առանձին լեզու հաստատելու համար բավականին ժամանակ ծախսվեց: «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ISO կոդ ունեցանք»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Լեզվի կոմիտեի որոշում կա, որ Վիքիպեդիայում արևմտահայերենը արևելահայերենից պետք է առանձնացվի:
«Մնացել են տեխնիկական հարցեր: Կարծում եմ` մոտ երկու շաբաթվա ընթացքում կլուծվեն այդ հարցերը»,- շեշտեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահը: