Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը

Այսօր Ազգային ժողովի Խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը:

Այն կգլխավորի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը, կարևորելով  միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը, ընդգծել է. «Հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում են նաև Արման Եղոյանը,   Միքայել Զոլյանը,   Հերիքնազ Տիգրանյանը,  Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը,   Գայանե Աբրահամյանը,  Վահե Էնֆիաջյանը,  Նորա Առուստամյանը և  Տարոն Սիմոնյանը:

Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպական Միության եւ Արեւելյան հարեւանների միջեւ քաղաքական ասոցացումը նպաստելու ու տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: Որպես պառլամենտական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի գծով պատասխանատու կառույց՝ Եվրանեսթը նպաստում է Արեւելյան գործընկերության ամրապնդմանը եւ զարգացմանը:

Scroll Up