Մահացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

83 տարեկան հասակում հունվարի 13-ին մահացել է հայազգի ճանաչված ավիակոնստրուկտոր, գիտնական, ավիացիոն շարժիչների ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Շարժիչների ստեղծման միավորված ընկերության մամուլի ծառայությունը. «Այո՛, խոր ցավով հայտնում ենք, որ հունվարի 13-ին մահացել է նշանավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը»:
Ինչպես հաղորդել է Շարժիչների ստեղծման «Կլիմով» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վատագինը, հայտնի գիտնականը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Սարկիսովը ծնվել է 1936 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում: 1959 թվականին ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը՝ «Թռչող սարքերի շարժիչներ» մասնագիտությամբ: Այնուհետև մինչև 1982 թվականն աշխատել է ԽՍՍՀ ավիացիոն արդյունաբերության նախարարության Ուֆայի Փորձարարական կոնստրուկտորական բյուրոյում: Միաժամանակ դասավանդել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտում:
1983-1987 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ավիացիայի երրորդ վարչության պետի տեղակալ-գլխավոր կոնստրուկտոր, 1988 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Վ. Կլիմովի անվան գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտոր, 1993 թվականից, միաժամանակ՝ Տեխնիկական պետական համալսարանի էներգետիկայի և ատոմային տուրբինաշինության ու ավիացիոն շարժիչների ամբիոնի վարիչ: 1993 թվականից ՌԴ տրանսպորտի, 1995 թվականից՝ Ավիացիայի և օդագնացության ակադեմիաների, 1995 թվականից՝ ՌՃԱ, 1997 թվականից՝ Օդագնացության և աստղագնացության ամերիկյան ինստիտուտի անդամ:
Աշխատանքները վերաբերում են ինքնաթիռների, ուղղաթիռների և թռիչքային ռազմական տեխնիկայի (անօդաչու թռչող սարքերի, Սու-15, Միգ-29 կործանիչների, Սու-25 գրոհիչի, Իլ-114, Ան-140 նոր սերնդի քաղաքացիական ինքնաթիռների, Մի-8ՏԳ, Կա-32Ա, Կա-50 ուղղաթիռների) և գազատուրբինային Տ-80Ու տանկի համար ավիացիոն շարժիչների ստեղծմանն ու արդիականացմանը:
Իր գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, ինչ համար արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ Լենինյան մրցանակի (1984 թ.), Լոուրենսի մրցանակի (ԱՄՆ, 1991 թ.), Վ. Յա. Կլիմովի մրցանակի (1996 թ.), ՌԴ գիտության վաստակավոր գործչի կոչման (1996 թ.) և այլն: