Փերիո կրթասիրաց միության հիմնադրման 90-ամյակի առթիվ ցուցահանդես Նոր Ջուղայում

Նոր Ջուղայում, Փերիո կրթասիրաց միության 90-ամյակի տոնակատարությունների շրջանակում, օրերս Ս. Հովհաննու  Կարապետ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նույն միության ննջեցյալ հիմնադիրների, անդամների ու բարերարների, ինչպես նաև Փերիա գավառի հիվանդանոցի հիմնադիր անդամների ու բարերաների  հիշատակին

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, հոգեհանգստյան արարողությունից հետո միության կենտրոնատեղիում ձեռամբ՝ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանի, Թեմական խորհրդի անդամ դոկտ. Նորայր Թումանյանի և միության Կենտրոնական վարչության նախագահ Վահան Թահմազյանի, բացումը կատարվեց միության 90-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսի, որտեղ ներկայացված էին Փերիո գավառի տարազներ, կենցաղային իրեր, գավառում պատրաստված  հայկական գորգեր, կարպետներ, գեղջկական կենցաղը ներկայացնող լուսանկարներ և Սենկերտ գյուղի մանրակերտը: Կենդանի պատկերով  ներկայացված էր նաև գորգագործությունը և ձմռան եղանակին թոնրի վրա տեղադրվող ջեռուցման միակ միջոցը՝ քուրսին: Իսկ  Փերիո գավառի տարազով տիկնայք կրկնապատկել էին ստեղծված գյուղական մթնոլորտի գեղեցկությունն ու տրամադրությունը:

Վերոնշյալ միջոցառումները վայելում էին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քեչեջյանի հովանավորությունը, որը ցուցահանդեսում շրջելուց հետո հանդես եկավ  օրհնանքի, հիացմունքի ու գնահատանքի խոսքերով:

Ցուցահանդեսն իրականացվել էր միության անդամների տրամադրած ընտանեկան ժառանգությունների և անձնական հավաքածուների շնորհիվ, որի կազմակերպչական աշխատանքները կատարվել էր  Փերիո միության Կենտրոնական վարչության, միության 9Օ-ամյակի նշման հոբելյանական հանձնախմբի և անդամների համատեղ ջանքերով:

Երկօրյա ցուցահանդեսը արժանացել է հայ և պարսիկ այցելուների մեծ  հիացմունքին ու գնահատանքին:

Լուսանկարները՝  Գևիկ Խաչատրյանի և հեղինակի

Scroll Up