Նյու Դելիի հայկական համայնքի նախաձեռնությամբ կոգեկոչվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքի՝ անգլերենի ուսուցմամբ Սփրինգդեյլս (Springdales) դպրոցների ցանցի 5 դպրոցներից մեկում՝ Դհաուլա Կուանում, դեկտեմբերի 7-ի հիշատակի մեծ միջոցառում է կազմակերպվելու՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին Նյու Դելիից հայտնում է Գայանե Մովսիսյանը:
Տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվող այս միջոցառմանը մասնակցելու են Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Բաբուն, դպրոցի տնօրեն Ջյոտի Բոսեն:
Ի դեպ, Դհաուլա Կուան (Dhaula Kuan) կրթօջախն այն կառույցներից է, որն տարիներ առաջ նույնպես ներդրում է ունեցել՝ ի նպաստ Սպիտակի աղետյալների կազմակերպվող դրամահավաքին։ Հայկական համայնքային կառույցը կոչ է անում բոլորին՝ համախմբվելու և հարգելու ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը՝ հատուկ ընդգծելով, որ յուրաքանչյուրի մասնակցությունը չափազանց կարևոր է: