Անգլիայից հայրենադարձված Արմենն ու Արփին ամուսնացան Հայրենիքում
Արմեն Խաչատրյանն ու Արփի Կոջայանը Հայաստան են տեղափոխվել Լոնդոնից:
Հայրենադարձվելուց հետո երիտասարդ զույգի կյանքը բնականոն հունի մեջ է մտել. Արփին ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլ, իսկ Արմենն ընկերոջ հետ Երևանում մեքսիկական արագ սննդի կետ է բացել:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Արմենն ու Արփին ներկայացնում են հայրենադարձվելու իրենց պատմությունը:
«Հայաշեն» ակումբը կամրջեց մեզ…
Արմեն – Տաս տարեկան եմ եղել, երբ ծնողներիս հետ 1998 թվականին Երևանից տեղափոխվել ենք Անգլիա: Նրանք որոշումը հապճեպ են կայացրել: Սկզբում մի քանի տարի մնալու մտադրությամբ են գնացել, բայց տևեց 20 տարի:
Լոնդոնի հայկական համայնքի հետ այդքան շատ կապ չեմ ունեցել: Սովորել եմ անգլիական դպրոցում, սակայն «Հայաշեն» երիտասարդների ակումբ այցելելուց հետո, շփումը հայերի հետ ակտիվացավ: «Հայաշեն» ակումբ հաճախելը ճակատագրական դարձավ ինձ համար. այնտեղ հանդիպեցի Արփիին, որը գրավեց ուշադրությունս: Իմանալով, որ Արփին այցելում է «Աղթամար» հայկական պարախումբ, ես նույնպես սկսեցի այցելել պարի դասընթացների: Այդպես, սիրահարվեցինք և ամուսնացանք: «Հայաշեն» ակումբը կամրջեց մեզ:
Արփի – Ծնվել եմ Բեյրութում: Մեկ տարեկան էի, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով ընտանիքս տեղափոխվեց Լոնդոն: Թեև փոքր տարիքից ապրել եմ Անգլիայում, բայց երբեք ինձ անգլիացի չեմ համարել, միշտ մտածել եմ, որ իմ երակներում հայկական արյուն է հոսում: Իհարկե, չեմ ուրանում, որ Անգլիայում կայացել և կրթություն եմ ստացել, սովորել եմ անգլիական դպրոցում, սակայն ծնողներիս հորդորով՝ հաճախել եմ նաև համայնքում գործող շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: Փոքր համայնք էր, սակայն կապը միշտ եղել է:
Հայկական պարերը սիրելու պատճառով՝ հաճախել եմ նաև «Աղթամար» պարի դպրոց: Մեր պարուսույցները եղել են Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին պարողներ, որոնք ինձ համար դարձել են ոգեշնչման աղբյուր:
Հաճախել եմ նաև Լոնդոնի բալետի դպրոց։ Ուսուցիչս տեսնելով, որ կատարելագործել եմ բալետային հմտություններս՝ առաջարկեց իրենց մոտ բալետի պարուսույց աշխատել։ Սակայն Հայաստանի պարի պետական անսամբլն ինձ համար մնում էր անհաղթահարելի բարձունք, թեև միշտ մտածում էի, որ մի օր անպայման նվաճելու եմ՝ իրականացնելով բաղձալի երազանքս:
Մեր վերջնական հանգրվանը Հայաստանում է…
Արմեն – Անգլիա գնալուց հետո՝ առաջին անգամ Հայաստան եկանք 2012 թվականին, հետո՝ 2015-ին: Երկու այցելության ժամանակ էլ չէինք ուզում վերադառնալ: Վերջին այցելությունից հետո մտածեցինք վերջնականապես գալ: Արփին ցանկանում էր Պարի պետական ընդունվել, և նրա երազանքի հետքերով՝ 2016 թվականին բռնեցինք Հայաստանի ճանապարհը:
Սկզբում մտածում էինք, որ մի քանի տարի կմնանք, սակայն հիմա վստահաբար ասում ենք, որ հետ դարձի ճանապարհ չկա, մեր վերջնական հանգրվանը Հայաստանում է, մեր ապագա երեխաներն պետք է այստեղ մեծանան:
Արփի – 2005 թվականին առաջին անգամ ընտանիքով գալով Հայաստան` շատ տպավորվեցի և կապվեցի իմ Հայրենիքին: Դրանից հետո հաճախ էի մտածում Հայաստանի մասին, հատկապես, որ Արմենը նույնպես վերադառնալու ցանկություն ուներ:
Այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ միշտ խոսել են Հայաստանի, հայրենասիրության մասին, մեր ծնողները մեզ ծանոթացրել են հայկական մշակույթին և պատմությանը: Միշտ մտածել եմ՝ որտեղ էլ լինեմ, պարտավոր եմ պահպանել լեզուս և արմատներիս հավատարիմ մնամ:
Մեր միությունը Հայաստանում օրինականացրինք…
Արմեն – Մեր կյանքը Հայաստանում նոր էջից սկսեցինք: Ես ու ընկերս՝ Քրիսը, որը նույնպես Անգլիայից էր Հայաստան վերադարձել, որոշեցինք Երևանում «Էլ բուրիտո» անվամբ մեքսիկական արագ սննդի կետ բացել: Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող «Էլ բուրիտո»-ն արդեն չորս ամիս է, որ գործում է: Շատ ենք չարչարվել մեր որոշումը կյանքի կոչելու համար, հուսանք, ժամանակի ընթացքում ճանաչում ձեռք կբերենք և կգոհացնենք մեր հաճախորդներին: Նաև տան առք ու վաճառքով եմ զբաղվում, որին օգնում է Լոնդունում ունեցած կապերս:
Արփի – Ես եկել էի Հայաստանի պարի պետական անսամբլ դիմելու հստակ նպատակով:
Չնայած տարիքս մի քիչ մեծ էր, բայց հույս ունեի, որ կընդունվեմ։ Բարեբախտաբար, ինձ ընդունեցին, և շուրջ մեկ տարվա փորձաշրջանից հետո ես արդեն հիմնական կազմի պարող եմ։ Բացի պարելուց, նաև բալետի անհատական դասեր եմ տալիս Հայաստանում ապրող օտարախոս հայ երեխաների համար:
Չհիասթափվելու համար՝ Հայաստան վերադառնալուց առաջ չեմ ակնկալել, որ ամեն ինչ մեզ համար միանգամից լավ է լինելու: Նախ մտածում էի, որ մարդիկ ինձ իբրև սփյուռքահայ՝ լավ չեն ընդունի, չեն մտերմանա, բայց հակառակն ապացուցվեց: Բոլոր մտավախություններս իզուր էին. այստեղ մարդկանց կողմից ջերմ ընդունելության արժանացանք, մեր հույսերն արդարացան:
2009 թվականին նշանվեցինք այն նպատակով, որ հաջորդ տարի Հայաստանում կամուսնանք, սակայն տարբեր պատճառներով ձգձգվում էր: Հետո, երբ հստակեցրինք Հայաստան գալը, որոշեցինք մեր միությունը Հայաստանում օրինականացնել:
Շատ ուրախ, հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք ունեցանք, իսկ Աստծո օրհնությունը ստացանք Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Ես ու Արմենն անչափ հպարտ ենք,որ հայրենի հողի վրա ամուսնացանք, այլ ոչ թե՝ օտար:
Պետք է համախմբված պայքարենք…
Արփի – Հայաստանում հնարավոր է լուրջ հաջողությունների հասնել և հուսով եմ՝ հայ ժողովրդի համար ամեն ինչ լավ է լինելու: Հզոր պետություն ունենալը սկսվում է կայուն ընտանիք ունենալուց, եթե մեկս մյուսի հանդեպ բարի, սիրալիր ու հանդուրժող լինենք, ապա բոլոր հարցերում կհաջողենք: Պետք է համախմբված պայքարենք և յուրաքանչյուրս փոքր քայլերով նպաստենք Հայաստանի զարգացմանը՝ մեր ուսերին վերցնելով կատարյալ երկիր ստեղծելու գործը: Ի վերջո, Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ուժն արդեն պահանջատեր ժողովրդի ձեռքերում է:
Մարդիկ տարակուսած հարցնում էին, թե ինչու ենք վերադառնում…
Արմեն – Հայրենադարձության ամենամեծ ձեռքբերումներից է այն, որ ճիշտ որոշում կայացրինք ու եկանք: Շրջապատում շատ մարդիկ չէին հավատում մեզ, տարակուսած հարցնում էին, թե ինչո՞ւ ենք վերադառնում, չէ՞ որ բոլորը Հայաստանից գնում են, բայց մենք տեղի չտվեցինք այդ խոսակցություններին: Ծնողներս ու եղբայրս՝ իր ընտանիքով, Լոնդոնում են, հիմա «պայքարում» եմ, որ նրանք էլ վերադառնան, հավատում եմ՝ կգա այդ օրը:
Առհասարակ, բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստան վերադառնալ, թո՛ղ մեկ րոպե անգամ չտատանվեն իրենց որոշման մեջ: Հայաստանում այնքան վատ չէ, որքան թվում է:
Արփի – Հայ լինելու գաղափարն ավելի ամրապնդվեց ինձ մոտ, ինքնությունս վերագտա: Մենք միշտ ասում ենք մարդկանց, որ թեկուզ չկարողանան հիմնովին վերադառնալ, գոնե մի քանի ամսով գան՝ հասկանալու՝ կկարողանան հետագայում ապրել, թե ոչ, ապա նոր միայն որոշում կայացնեն:
Տեսնելով, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են՝ սրտի մեծ ցավ եմ ապրում: Թո՛ղ նրանք իմանան, որ դրսում իրենց ամեն ինչ հեշտ չի տրվելու, պետք է անդադար պայքարի մեջ լինեն մինչև կհամակերպվեն ու ոտքի կկանգնեն:
Ճիշտ է, հեռվից ամեն ինչ լավ է թվում, բայց այդպես չէ: Բոլորը մեզ հարցնում էին, թե ինչո՞ւ ենք թագավորական Լոնդոնը թողել ու եկել: Եթե մեզ համար պատկերացրածի չափ այնտեղ կատարյալ լիներ, ապա մենք հետ չէինք գա:
Գևորգ Չիչյան