Սանկտ Պետերբուրգի «Խատուտիկ» էթնիկ կենտրոնն արդեն 2 տարեկան է

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Խատուտիկ» էթնիկ կենտրոնը հիմնադրել են երիտասարդ ամուսիններ՝ Լիլիթն ու Սեդրակը։ Կարելի է ասել, որ «Խատուտիկը» նրանց առաջնեկն է, այն էլ ի՜նչ առաջնեկ։ Փոքրիկ Հայաստան Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում, ուր գալիս են մեծահասակ ու երեխա, և յուրաքանչյուրը գտնում է իր բաժին ջերմությունը, հոգատարությունն ու հետաքրքրությունը։

Կենտրոնը հաճախ անվանում են նաև «Խատուտիկի տուն», որովհետև այցելուները՝ 2–100 տարեկան, լեզուներ են սովորում, հաճախում են ստեղծագործական խմբակների, նկարում են, քանդակում, երգում, խաղում, ուսանում նոր գիտելիքներ ու կյանքի հմտություններ ձեռք բերում։ Այսինքն, անում այն, ինչ սովորաբար տեղի է ունենում յուրաքանչյուր կիրթ հայ ընտանիքում:

Ինչպես խատուտիկ ծաղկի սերմերը քամու հետ տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, այդպես էլ կենտրոնի ծրագրերը մի օր անպայման ծիլ կտան Հայաստանում ու սփյուռքի տարբեր քաղաքներում։ Իսկ մինչ այդ «Խատուտիկ»-ը արմատավորվում է Սանկտ Պետերբուրգում: Սկզբում նորաստեղծ  կենտրոնը տարածք էր վարձակալում ժամավճարով։ Ու ամեն դասին Լիլիթի ու Սեդրակի տանից այնտեղ էին բերվում ազգային տարազները, գրքերը, մատիտներն ու խաղերը, որոնք հետո նախաձեռնողների հետ «վերադառնում» էին տուն: Հիմա արդեն «Խատուտիկն» ունի իր սեփական տունը՝ Վասիլյևսկի կղզում (13-րդ գիծ, 30 հասցեում):

Վերանորոգելը, մաքրելը, հարմարավետություն ստեղծելը, ամեն ինչ արվել է սեփական ուժերով. թիմի յուրաքանչյուր անդամ կենտրոնի մի անկյուն ներկել կամ դասավորել է: Այդ է պատճառը, որ այստեղ միշտ լուսավոր է, կոկիկ ու գողտրիկ՝ ինչպես տանը: Պաշտոնական խստության փոխարեն այստեղ կա փոխադարձ հարգանք և սեր, իսկ դա բավական է, որ ներսում կարգ ու կանոն լինի:

Կենտրոնի ընկերներն են նաև այցելուները: «Խատուտիկ»-ում հիշում, սպասում ու կարոտում են յուրաքանչյուրին: Օրինակ՝ փոքրիկ Վարդանենց ընտանիքը, ում «Խատուտիկ»-ում շատ են սիրում: Պատճառն այն է, որ ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են իսկական հայի ոգով, ու ապրելով դրսում՝ մնում են հայ: Ընտանիքում երեք երեխա են, հիմա հասցնում են տոնից-տոն գալ, իսկ առաջ հաճախում էին նկարչության ու արթ-թերապիայի դասերին: Առաջին իսկ օրը մայրը զգուշացրերց Լիլիթին, որ իր երեխաները ո´չ կարողանում են նկարել, ո´չ էլ սիրում են: Իսկ Լիլիթը պատասխանեց, որ նրանք պարզապես դեռ չեն բացահայտել այդ սերը: Եվ իրոք, ընկեր Հայկանուշի դասերից հետո, օրինակ, Վարդանը, շատ սիրեց նկարչությունը ու ընդամենը երկու ամիս անց «Արևային Հայաստանի հեքիաթները» («Сказки солнечной Армении») մանկական մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը՝ իր «Կախարդական նուռը» նկարով:

5 տարեկան Մայքլը գալիս է ամեն շաբաթ: Ու միշտ ասում է. «Ես գալիս եմ Հայաստան, «Խատուտիկ»-ը իմ Հայաստանն է»: Իսկ այ Լիզան ու նրա մայրիկը՝ Պոլինան, «Խատուտիկ» եկան Հայաստան գնալուց հետո: Այնպես էին սիրահարվել հայոց երկրին, որ Պետերբուրգ վերադառնալուց հետո Լիզան ինքը հարցրեց՝ որտե՞ղ կարող է հայերեն սովորել: Այդպես, նրանք գտան էթնիկ կենտրոնը, ու հիմա Լիզան գերազանց սովորում է, որովհետև ուզում է մյուս ամառ նորից գնալ Հայաստան ու իր  ընկերների հետ հայերեն շփվել: Փոքրիկ Գեորգին, ում միշտ հայրիկն էր կենտրոն բերում, քչախոս երեխա է, չի սիրում աղմկել: Մի օր նրա հետ եկավ մայրիկը ու Լիլիթին խոստովանեց, որ տանը, երբ Գեորգին ուզում է իրեն հաճոյախոսել, ասում է՝ «Մամ, դու իմ խատուտիկն ես»:

Իսկական երեխայի պես «Խատուտիկ»-ը պահանջում է, որ «ծնողներն» իրենց ողջ ժամանակը հատկացնեն իրեն, հաճախ էլ անգամ տանջվեն, չարչարվեն, գիշերները չքնեն: Բայց այդ բոլոր ջանքերի շնորհիվ է միայն, որ այսօր կենտրոնը երկու տարեկան է, որ իրականացվող ծրագրերն օր օրի ավելանում են, իսկ ընկերները՝ շատանում:  Հայերի համար կենտրոնը վաղուց դարձել է ընտանիք: Իսկ այլազգի պետերբուրգցիներին «Խատուտիկ»-ը ծանոթացնում ու հաղորդակից է դարձնում հայ ազգային արժեքներին, մարդասիրությանն ու բազմադարյա մշակույթին։

Սիրելի հայրենակիցներ, միացե´ք «Խատուտիկ» մեծ ընտանիքին։

Ի դեպ, հունվարից կենտրոնը նոր մասնաճյուղ է բացելու հայկական եկեղեցու հարևանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ պետերբուրգյան փոքրիկ Հայաստանը դեռ ոչ ծովից ծով, բայց արդեն կղզուց կղզի է դառնում։

«Խատուտիկի» դռները բաց են բոլորի համար, ամեն օր։

Նուրություններին կարող եք հետևել նրանց կայքում՝ khatutik.ru

Հեռ՝ +7 (953) 357-35-55

Scroll Up